Մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ում վերահսկողության ներքո է գտնվում գործի քննությունն, ասում է, որ երեք հիմնադրամների տարիների գործունեությունն առնչվել է հազարավոր աշխատակիցների, որոնք բոլորն էլ կարող են տուժող ճանաչվել։ Քննչական մարմինը պարտավոր է հիմնադրամներին իրենց աշխատավարձի հաշվին պարտադրաբար գումարներ փոխանցած բոլոր աշխատակիցներին հարցաքննել։
«Քրեական գործով իրականացվում է պատշաճ նախաքննություն և քրեական գործի նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն։ Կատարվել է մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես, հարցաքննվել են մի քանի տասնյակ աշխատակիցներ՝ ուսումնական հաստատությունների, այդ թվում նախկին, ինչպես նաև ներկայիս աշխատակիցները», - նշեց Արթուր Պողոսյանը։
Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը մատնացույց էր արել մարզի առողջապահական, կրթական ու մշակութային ոլորտներում ավելի քան 10 տարի գործած հիմնադրամների տարեկան հաշվետվություններում նշված, ըստ իրեն, կոռուպցիոն ռիսկեր պարունակող տվյալներն ու ասել, թե «քննչական մարմինները դանդաղկոտություն են ցուցաբերում» դրանց գործունեությունը քննելու հարցում։
«Եթե հիմա իրավական գնահատական չի տրվելու այս պետական ռեկետին մարզային մակարդակով, ապա սա ճանապարհ է բացում, որ նմանատիպ գործողություններ կարող են կատարվել նաև նոր իշխանությունների օրոք։ Ես էստեղ լուրջ հարցադրումներ ունեմ քննչական մարմիններին։ Պարոնայք, պատշաճ չեք աշխատում», - ընդգծել է Սաքունցը։
Լոռու մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, մինչդեռ, հակադարձում է՝ գործը մեծ է. հարցաքննվել են նաև Լոռու մարզպետարանի նախկին պաշտոնյաներ, որոնք եղել են հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամներ ու կառավարիչներ։
«Բնականաբար, վարույթն իրականացնող մարմինը հարցաքննել է, ինչպես նաև հարցաքննելու է ինչպես հոգաբարձուների խորհրի բոլոր անդամներին, այնպես էլ գործադիր մարմնի ղեկավարներին, այսինքն հիմնադրամների կառավարիչներին։ Բնականաբար, քննիչը որոշ մարդկանց հարցաքննել է, իսկ որոշ անձանց դեռևս չի հարցաքննել։ Կախված ստուգման արդյունքներից, բոլոր պաշտոնատար անձանց արարքներին տրվելու է համարժեք իրավական գնահատական», - ասաց Լոռու մարզի դատախազի տեղակալը։
Եթե իշխանափոխությունից հետո «Լոռու առողջապահություն» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն հիմնադրամների» ղեկավար կազմը փոխվել է, ապա ամենամեծ բյուջե ունեցող «Լոռու դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դեռևս ղեկավարում է նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Խորհրդի անդամներն են մարզպետի նախկին տեղակալներն ու այլ պաշտոնյաներ։
Ըստ քննության ընթացքը վերահսկող դատախազի «Լոռու դպրոց» հիմնադրամի գործով մինչև այսօր հարցաքննվել են մարզի 15 դպրոցների աշխատակիցներ։ 17 տարվա ընթացքում միայն այս 15 դպրոցներից ընդհանուր առմամբ գանձվել է 82 միլիոն դրամ։ Բոլոր աշխատակիցներն էլ պնդել են, որ իրենցից պարտադրաբար են գանձվել կամավոր համարված վճարները։
«Հիմնականում, ես արդեն նշեցի՝ այն անձինք, ովքեր որ հարցաքննվել են, այդ անձինք նշել են, որ էդ գումարները պարտադիր կարգով է բռնագանձվել։ Այսինքն, իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել էդ գումարների մասին, որոշ աշխատակիցներ նաև էդ մասին են նշում», - նշեց Պողոսյանը։
Ըստ Արթուր Պողոսյանի շուրջ երկու տասնյակ քննիչներից կազմված քննչական խումբն ամբողջ մարզի տարածքում «մեծածավալ և համակողմանի» գործողություններ է իրականացնում։ Բազմաթիվ հաշվապահական փաստաթղթեր են առգրավել։ Ստուգում են նաև այդ հավաքված գումարների ծախսման արդյունավետությունը։ Դատախազը չի բացառում, որ քրեական գործում նոր հոդվածներ կավելանան մասնավորապես, յուրացումների, չարաշահումների կամ կեղծիքների մասով։
«Վարույթն իրականացնող մարմինը այդ ուղղությամբ նույնպես պետք է քննություն կատարի և անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարի։ Այսինքն, թե գումարները ինչ նպատակով են ծախսել, արդյոք էդ ծախսերը արդյունավետ են եղել, էդ ծախսերը կատարվել են, թե չեն կատարվել։ Ես արդեն նշեցի, որ այդ ուղղությամբ նշանակվել է ստուգում», - ասաց Արթուր Պողոսյանը։
Չորս ամիս շարունակված քննության արդյունքում դեռևս Լոռու հիմնադրամների գործերով կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան։