Մատչելիության հղումներ

Աճել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը


Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյան
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյան

2018 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 8,8 տոկոսով:

Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Թվային առումով կազմել է մեկ միլիոն 275 հազար 209 այցելու: Շատ կարևոր և հետաքրքիր տվյալ է հիմնական թիրախային շուկաների ներկայացումը․ մեր դեպքում, բնականաբար, մեր հարևան երկրներն են, բայց առաջին հերթին Ռուսաստանը՝ 525 հազար 423 զբոսաշրջային այցելու, Վրաստանը՝ 233 հազար 125, Իրանը՝ 132 հազար 829, ԱՄՆ-ը՝ 46 հազար 138 և Ուկրաինա՝ 24 հազար 308: Սրանք ամենամեծ զբոսաշրջային հոսքը ապահովող առաջին հինգ թիրախային երկրներն են»:

Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ նշելով, որ Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով. - «Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ: Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»:

«Ազատության» հարցին, թե արդյոք զբոսաշրջիկների աճը գրանցվել է հատկապես Թավշյա հեղափոխությունից հետո, զբոսաշրջության կոմիտեի նախագահը միանշանակ դրական պատասխան տվեց՝ ընդունելով այդուհանդերձ, որ ամռանն ու աշնան սկզբին զբոսաշրջային հոսքերն աճում են:

Այս տարվանից իրականացվում են նաև զբոսաշրջային առումով մեծ նշանակություն ունեցող ճանապարհների վերանորոգման և բարենորոգման աշխատանքները․ - «Հենց էս պահին կառուցման մեջ է գտնվում Գառնիից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը, Տաթևից դեպի Սատանի կամուրջ տանող ճանապարհը, Գյումրիում «Կումայրի» պատմական արգելոցի շրջանակներում մի շարք կենտրոնական փողոցներ: Եկող տարի պլանավորում ենք շարունակել դեպի Խոսրովի անտառ տարող ճանապարհի կառուցումը: Եկող տարի կկառուցվի նաև Ստեփանավանում դեպի «Սոճուտ» դեդրոպարկ տանող ճանապարհը»:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն ասում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են տուրիզմի զարգացումը․ - «Մենք ունենք լուրջ խնդիրներ հուշարձանների պահպանության գործում, մենք ունենք լուրջ խնդիր շրջակա միջավայրի պահպանության, աղբահանության, աղբի վերամշակման գործում։ Գիտեք, մի կողմից միգուցե մարդիկ, ովքեր այնքան էլ ասպարեզի հետ սերտ առնչություն չունեն, ասեն՝ ի՞նչ կապ ունի այս ամենը զբոսաշրջության հետ։ Իրականում զբոսաշրջությունը ինչ-որ փակ, ջերմոցային երևույթ չէ, առհասարակ զբոսաշրջային պրոդուկտը դա երկիրն է: Երկրում, այդ թվում նաև տուրիզմի ոլորտում հենց կոմիտեի հետ կապված, մենք ունենք լուրջ մենեջմենթի խնդիր։ Այսինքն, մեզ պակասում են մարդիկ, նվիրյալներ, ովքեր կկարողանան համախմբել էն լուրջ պոտենցիալը, որը կա տուրիզմի ոլորտում Հայաստանում: Խնդիրներին դանդաղ արձագանքելը նաև պիտի նշեմ: Մենք ինքներս, որպես կազմակերպություն, ունեցանք որոշակի հարցեր, որոնք բարձրաձայնեցինք, և ցավոք, արձագանքը չեղավ այնքան արագ և ցանկալի, որ մենք կուզենայինք: Իրականում դրանք էնպիսի խնդիրներ չէին, որ պետք էր դարերով լուծել: Պատկերացրեք, մեր զբոսավար անդամները մի քանի զանգով տարբեր մարզպետարաններում շատ ավելի արագ լուծեցին խնդիրները, քան դա կարվեր կոմիտեի ներսում»:

Տարածված խնդիրներից է հասարակական զուգարանների բացակայությունը:

«արծես թե զբոսավարության աշխատանքի կարևորագույն կոմպոտենտներից մեկը դարձել է դա՝ տուրիստներին հնարավորինս խաբել, համոզել, որպեսզի զսպեն և հասնեն համապատասխան տեղեր», - ասաց Սոլոմոնյանը: - «Իհարկե, դա դիսկոմֆորտ է, դա դժվար է իրենց համար»:

Չնայած առկա խնդիրներին՝ Յաշա Սոլոմոնյանը նկատում է, որ Հայաստանում տուրիստներին մատուցվում է բարձրակարգ ծառայություն, ունեն պրոֆեսիոնալ և նվիրված զբոսավարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG