Մատչելիության հղումներ

Մեծագույն խնդիրը՝ աշխարհում ԼՂ հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումն է․ Փաշինյան


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Առաջիկայում մեծագույն խնդիրը միջազգային հանրության շրջանում Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումն է, Հայաստանի արտգործնախարարությունում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ այդ հարցն ունի ազգային անվտանգության նշանակություն։

«Մենք պետք է համոզված լինենք, որ աշխարհում միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցը ընկալում է հենց այնպես, ինչպես նա կա իր էության մեջ։ Ցավոք սրտի, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ և ամենուր չէ, որ կարող ենք անել, և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել», - ասել է Փաշինյանը։

2019 թվականի համար Նիկոլ Փաշինյանը նախանշել է մեկ այլ կարևոր խնդիր՝ Հայաստանի նոր իմիջի օգտագործումը երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար, շեշտելով, որ այդ գործում դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է: Նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի իմիջի կարևոր փոփոխություն, որն սկսվեց մայիսից և գագաթնակետին հասավ դեկտեմբերի 9-ի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության երկու շատ խոշոր հաղթանակ արձանագրվեց․ առաջինը ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որը արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, և երկրորդը խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, և ըստ էության արձանագրել են այդ ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին», - ասել է վարչապետի պաշտոնակատարը և շարունակել․ - «Սա ինչո՞ւ է կարևոր ասել հատկապես այստեղ՝ Արտաքին գործերի նախարությունում, որովհետև, ցավոք սրտի, նախկին ողջ ժամանակաշրջանում մենք ստիպված ենք եղել, Հայաստանի արտաքին գործերի նախարություն մեր դիվանագիտական կորպուսը ստիպված է եղել շատ երկար ժամանակ ընտրություններից հետո տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձևակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կա՛մ չլինեն, կա՛մ չեզոքացվեն։ Ես հույս ունեմ, որ այս ընտրությունների և այս գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել, և այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի և կկիրառվի արդեն բուն նպատակի համար, Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելու համար, իսկապես կենտրոնանալու համար Արցախի հարցի արտաքին քաղաքական և դիվանագիտական սպասարկման վրա»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ 2019-ին ժողովրդավարական բարեփոխումները շարունակվելու են, Հայաստանում իսկապես պետք է հաստատվի օրենքի իշխանություն, անկախ դատական համակարգ, և Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա:

«Եվ որևէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունը իսկապես մեր հավատամքն է և արժեքների մեր համակարգն է, և ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող ընդհանրապես լինել որևէ շեղում», - ընդգծել է նա։

Կենտրոնական բանկում արդեն վարչապետի պաշտոնակատարը խոսել է հայկական դրամի մասին՝ ընդգծելով, որ չնայած քաղաքական բուռն իրադարաձություններին, դրամը պահպանեց իր կայունությունը: Փաշինյանը այս երևույթը որակել է իբրև տարվա սենսացիա:

«Տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը, թերևս, դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում, և ինչպես դեռևս շատ-շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ-շատերին էդքան էլ հասկանալի չէր, թե ինչպես եղավ, որ այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց», - հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Կենտրոնական բանկի և կառավարության համագործակցությանը՝ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ գլխավոր նպատակը պետք է լինի Հայաստանի քաղաքացու կյանքը բարելավելն ու նոր հնարավորությունները հասանելի դարձնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG