Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Աշխարհում տեղի է ունենում Հայաստանի իմիջի շատ կարևոր փոփոխություն


Կարելի է ասել, որ 2018 թվականին Հայաստանի արձանագրած արտաքին քաղաքական հաջողությունները գրանցվել են երկրի ներսում, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ արտգործնախարարությունում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: «Որովհետև, ըստ էության, այժմ ամբողջ աշխարհում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության իմիջի շատ կարևոր փոփոխություն, և այդ փոփոխությունը, որ սկսվեց մայիսից և իր գագաթնակետին հասավ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մեծ հենք է ստեղծում, որպեսզի մենք իսկապես արտաքին քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում ունենանք լրջագույն հաջողություններ», - մանրամասնել է կառավարության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այս տարի ժողովրդավարության երկու խոշոր հաղթանակ արձանագրվեց. - «Առաջինը՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն էր, որն արձանագրվեց որպես ժողովրդական կամքի հաղթանակ, և երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, ըստ էության, միջազգային դիտորդների գնահատմամբ, աննախադեպ են մեր երկրի պատմության մեջ, ովքեր նաև արձանագրել են այդ ընտրությունների համապատասխանությունը ժողովրդավարության չափանիշներին»:

«Ինչո՞ւ է կարևոր սա ասել հատկապես Արտաքին գործերի նախարարությունում, որովհետև ցավոք անցած ողջ ժամանակաշրջանում ԱԳՆ-ն, մեր դիվանագիտական կորպուսը ստիպված են եղել ընտրություններից հետո շատ երկար ժամանակ տարբեր բացատրություններ տալ, տարբեր սրբագրումներ անել, տարբեր ձևակերպումներ գտնել, որպեսզի մեր երկրի վրա նեգատիվ ազդեցություններ կամ չլինեն, կամ դրանք չեզոքացվեն», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը և շարունակել․ - «Հետևաբար, հույս ունեմ, որ այս ընտրությունների, գործընթացների արդյունքում մեր դիվանագիտական կորպուսը բավարար էներգիա է խնայել և այդ խնայված էներգիան ամբողջությամբ կօգտագործվի և կկիրառվի արդեն բուն նպատակի իրականացմանը՝արտաքին քաղաքական ասպարեզում իսկապես հաջողություններ արձանագրելուն, ինչպես նաև կենտրոնանալու Արցախի հարցի արտաքին քաղաքական սպասարկման, Հայաստանի իմիջի դրական փոփոխությունները կոնկրետ դիվանագիտական և տնտեսական արդյունքի վերածելու վրա»:

«Կարծում եմ՝ առաջիկա շրջանի համար մեր մեծագույն խնդիրը հետևյալն է՝ միջազգային հանրության շրջանում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հարցի էության վերաբերյալ տեղեկացվածությունը, որովհետև ցավոք, այնուամենայնիվ, միշտ չէ և ամենուր չէ, որ մենք հանդիպում ենք այդպիսի տեղեկացվածության: Սա մի խնդիր է, որն իսկապես մեզ համար ունի ազգային անվտանգության նշանակություն: Մենք պետք է համոզված լինենք, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հարցն ընկալում է հենց այնպես, ինչպես այն կա իր էության մեջ: Ցավոք, մենք այսօր նման արձանագրում ամեն տեղ չէ, որ կարող ենք անել և պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել», - հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

Հաջորդ խնդիրը, ըստ նրա, Հայաստանի նոր իմիջն օգտագործելն է երկրում ներդրումային ակտիվությունը խթանելու համար, և դրանում դիվանագիտական կորպուսի դերը շատ մեծ է և կարևոր:

«2019 թվականը սկսում ենք նոր էջից, կիսատ մնացած հարցեր չեն մնում, կլինի նոր կառավարություն, որն ինչ-որ առումով կլինի հին, այսինքն շարունակականությունը կապահովվի, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները կշարունակվեն: Որևէ կասկած չի կարող լինել, որ ժողովրդավարությունն իսկապես մեր հավատամքն է, արժեքների մեր համակարգն է և ժողովրդավարությունից Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել որևէ շեղում: Հայաստանում իսկապես պետք է հաստատվի օրենքի իշխանություն, անկախ դատական համակարգ, և Հայաստանի իշխանությունը պետք է արտաքին քաղաքականություն վարի լեգիտիմության հենքի վրա՝ որպես ժողովրդի կողմից լիազորված, ժողովրդի մանդատն ունեցող և ժողովրդի ու պետության շահերը ներկայացնող կառավարություն: Մենք հենց այդպիսի կառավարություն ենք և շարունակելու ենք լինել այդպիսին, ավելին՝ սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն կարող է ունենալ միայն ու միայն այդպիսի կառավարություն, որն ի վիճակի է և լիազորված է ներկայացնել ժողովրդին», - հայտարարել է Փաշինյանը:

«Ես ցանկանում եմ բոլորիս շնորհավորել այս կարևորագույն առիթով, որովհետև այնուամենայնիվ ժողովրդի կողմից լիազորված լինելը և ժողովրդի կողմից մանդատ ունենալը, այդ մանդատի գիտակցումը շատ մեծ ուժ է տալիս մեզնից յուրաքանչյուրին: Հույս ունեմ, որ ինչպես այսօր դուք եք զգում ժողովրդի մանդատի ուժը, 2019 թվականին էլ ժողովուրդը կզգա ձեր գործունեության, ձեր պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ուժը, արտաքին քաղաքականության ներքին դրսևորումները կլինեն ավելի ու ավելի շոշափելի: Ի վերջո, Հայաստանի կառավարությունը, պետական իշխանության բոլոր օղակները թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության մակարդակի բարձրացման նպատակին և որևէ կասկած չկա, որ Հայաստանի դիվանագետները միշտ էլ նվիրված են եղել այդ գաղափարին: Հույս ունեմ՝ եկել է ժամանակը, որ մենք այս գաղափարին ծառայությունը պսակենք ավելի ու ավելի մեծ, ավելի ու ավելի շոշափելի հաղթանակներով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Տոնական ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած բարձր պատասխանատվության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել դիվանագիտական կորպուսի մի խումբ ներկայացուցիչների:

«Տարվա ամենամեծ սենսացիաներից էր դրամի վարքագիծը քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում»

Նույն օրը վարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը Կենտրոնական բանկում: Այստեղ իր ելույթում Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․

«Առիթ չի եղել ասելու, կարծում եմ՝ այսօր լավ առիթ է այդ թեմային անդրադառնալու. տարվա ամենամեծ սենսացիաներից մեկը թերևս դրամի վարքագիծն էր Հայաստանում քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակաշրջանում: Ինչպես դեռևս շատ շատերի համար հասկանալի չէ, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իմաստով, նաև շատ շատերին հասկանալի չէ, թե ինչպես եղավ, որ, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործընթացների համատեքստում հայկական արժույթը զարմանալի կենսունակություն ցուցաբերեց, և դա իսկապես շատ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, մենք գիտենք, ես գիտեմ, որ նաև դա այստեղ ներկա մարդկանց հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար:

Այս ընթացքում ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունն իսկապես շատ ակտիվ է եղել, և մենք շատ հաճախ քննարկումներ ենք ունենում՝ և՛ ռազմավարական, և՛ մարտավարական բնույթի: Մեր համագործակցության ամենակարևոր և հիմնական նպատակը, օբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մարդիկ, ում կյանքը բարելավելը և ում համար նոր հնարավորությունները հասանելի դարձնելը կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության հիմնական նպատակն է: Այս ընթացքում մենք հասցրել ենք արդեն մի քանի ծրագրեր իրագործել, որոնց արդյունքում մարդիկ շատ կոնկրետ փոփոխություններ պիտի զգան իրենց ամենօրյա կյանքում: Մի քանի նախագծեր արդեն իսկ իրականացման, իրագործման փուլում են, և իհարկե, կան մի քանի նախագծեր, որոնք քննարկումների, գաղափարների փուլում են: Համոզված եմ՝ քննարկումների արդյունքում նույնպես կունենանք կոնկրետ լուծումներ:

Ըստ էության, կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության իմաստն իսկապես շատ հստակ արձանագրված է՝ քաղաքական այն իրավիճակը, որ կա Հայաստանի Հանրապետությունում, ամենակարևոր նշանակությամբ, նոր հնարավորությունների ստեղծումն է մարդկանց, տնտեսվարողների, բիզնես գործունեության համար: Կենտրոնական բանկի և բանկային համակարգի գործունեության և կառավարության հետ համագործակցության հիմնական իմաստը պետք է լինի, որ այդ քաղաքական հնարավորությունները՝ դե յուրե հռչակված և քաղաքական առումով իսկապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ դե ֆակտո հասանելի լինեն մարդկանց: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կենսունակ գաղափարներն իսկապես պատշաճ, տրամաբանական ֆինանսավորում ունենալու հնարավորություն ստանան: Այս գործում իսկապես դժվար է գերագնահատել կառավարության, Կենտրոնական բանկի և ընդհանրապես բանկային համակարգի համագործակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG