«Եկեք ճիշտը ասենք, ոչ ոք չունի նման մտերիմ հարաբերություններ, ինչպիսին Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերություններն են, և, բնականաբար, ծագում են խնդիրներ, որոնք մենք կարող ենք կարգավորել», - հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեկնարկին։
Բանակցությունները դեռ շարունակվում են, Պուտինը Լուկաշենկոյին այսօր հրավիրել է ամանորյա ճաշի, իսկ մինչ այդ երկու երկրների միջև գազի և նավթի գնի շուրջ ծագած տարաձայնությունները փորձում են հարթել կառավարությունների ներկայացուցիչները։
Երեկ, Մոկսվա այցի նախօրեին, Լուկաշենկոն Մինսկում ռուս-բելառուսկան հարաբերություններին նվիրված խորհրդակցության էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանը այլևս Բելառուսի համար եղբայրական երկիր չէ՝ պարզապես ռազմավարական գործընկեր է: Իսկ այսօր Մոկսվայում նա համաձայնել է Պուտինի հետ, որ երկու երկրների հարբերությունները արագ զարգանում են, իսկ առաջացած խնդիրները կարելի է կարգավորել, եթե ոչ այսօր, վաղը հաստատ։
Խնդիրն այն է, որ բելառուսական բյուջեի մի զգալի մասը կազմում է ռուսական նավթի վերավաճառքից առաջացած եկամուտը, իսկ այդ հարկային փոփոխությունների հետևանքով առաջիկա հինգ տարիներին, բելառուսական կողմի հաշվարկներով, Բելառուսը կարող է կորցնել շուրջ 10 միլիարդ դոլար:
Պաշտոնական Մինսկը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում եկող տարվա համար՝ շուրջ 300 միլիոն դոլար: Իսկ Մոսկվան ասում է, թե որևէ խոստում փոխհատուցման մասին Մինսկին չի տվել: Մինսկը հակառակն է պնդում:
Լուկաշենկոն երեկ հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի սկզբին այս մասին պայմանավորվել է Պուտինի հետ:
Այսօր Լուկաշենկո - Պուտին բանակցություններում հնարավոր է նաև, որ քննարկվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես, որ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահը հանդիպելու է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Սակայն հիմնականը այսօր ռուս-բելառուսական բանակցություններում ֆինանսական տարաձայնություններն են: Մինսկը Մոսկվայից փոխհատուցում է պահանջում և գազի ավելի հարմար գին է ուզում, և սա առաջին անգամը չէ։ Կարելի է ասել, որ սա սովորական պատմություն է երկու երկրների միջև հարաբերությունների համար: Նման դեպքերում Մոսկվան սովորաբար զիջում է և Մինսկին նոր վարկ է տրամադրում:
Բելառուսը այսօր Ռուսաստանի միակ դաշնակիցն է Եվրոպայում: Վերջին շաբաթներին Մոսկվայում փորձագետները նշում են, թե ռուս-բելառուսական այս նոր ճգնաժամի հիմքում է՛լ ավելի խորը ինտեգրման Ռուսաստանի փորձերն ու ճնշումն է, ինչը Բելառուսը ընկալում է որպես ոտնձգություն երկրի ինքնիշխանության դեմ: Այդ մասին օրերս հայտարարել էր Լուկաշենկոն:
Ռուսաստանի և Բելառուսի միջև դե յուրե գործում է նաև Միասնական պետության մասին պայմանագիրը: Բելառուսական կողմը, սակայն, համարում է, թե Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո այդ պայմանագրի շատ դրույթներ կորցրել են իրենց իմաստը:
Լուկաշենկոն Մոսկվայի հասցեին պարբերաբար նման մեղադրանքներ ներկայացնում է, սակայն ամեն ինչ սովորաբար վերջանում է նոր վարկով։