Չուգասզյանի խոսքով, Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացնելով, գործող իշխանությունն ընդունել է, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է եղել, հետևաբար «պետք է քաղաքական գնահատական տալ Հայաստանում վերջին տարիներին եղած բոլոր ընդվզումներին, որոնք միտված են եղել սահմանադրական կարգի վերականգնմանը»․ - «Բաստիլը դատարկվել է, բայց երկու հոգի դեռ կան, նրանց նույնպես պետք է ազատել: Երկրորդ կարևոր իրավաքաղաքական գնահատականը, որը գործող իշխանությունը փաստորեն տվեց՝ նշանակելով Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական, այն էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը փաստորեն բավականին տվյալներ է հաղորդել, և երկրի գերագույն հրամանատարությունը փաստորեն անհրաժեշտը չի ձեռնարկել՝ կասեցնելու համար էն զոհերը և էն կորուստները, որ մեր երկիրը ունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ: Սա նշանակում է, որ փաստորեն երկրում պետական դավաճանություն է եղել: Մենք սպասում ենք, որ երկրի գործող իշխանությունը էս գնահատականը նույնպես կտա»:
«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամներից Վարուժան Ավետիսյանը նոր իշխանություններին հորդորեց խուսափել երկակի ստանդարտներ կիրառելուց․ - «Երկակի ստանդարտների վիճակը, որ առաջացել է մեր կյանքում, որ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը արդեն կա, և զուգահեռաբար այդ կարգը վերականգնելու նպատակով ընդվզած քաղաքացիները դեռևս ամբաստանյալի վիճակում են, իսկ նրանցից երկուսը նույնիսկ դեռևս գտնվում են բանտում»:
«Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:
«Ազատության» հարցին, թե ովքեր պետք է պատասխանատվություն կրեն երեք զոհերի համար, Ավետիսյանը պատասխանեց, թե եղել են ապստամբության պատճառներ, քաղաքացին իրականացրել է ապստամբելու իր իրավունքը․ - «Առնվազն երկու ոստիկանի սպանության հետ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները առնչություն չունեն»:
Նկատենք, որ երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն կրկին պնդել էր, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը ոստիկանի կրակոցից չի մահացել:
Ավետիսյանի պնդմամբ, 2016-ին «օդից դամոկլյան սրի պես կախված էր ղարաբաղում տարածքների հանձնման, հազարավոր զոհեր տալու սպառնալիքը», և իրենց գործողություններն այդ սպառնալիքը չեզոքացնելու նպատակ են ունեցել․ - «Եթե դավաճանության սպառնալիքը․․․ կանխելու կարիքը չլիներ, մենք շարունակելու էինք, մեր որդեգրած քաղաքացիական անհնազանդության մեթոդը կիրառելով, մաշեցնել ռեժիմին, մինչև այն ծնկի կգար: Հաճախ են խոսում, թե հնարավո՞ր է, որ ապագային ինչ-որ իշխանություն ձեր դուրը չգա, և դուք նույն գործողությունը կատարեք: Այստեղ դուր գալ-չգալու հարց չէր․ աղետից փրկվելու հարց էր»:
Կուսակցության անդամները անպատասխան թողեցին «Ազատության» հարցը, թե արդյոք կրկին նման վտանգ տեսնելու դեպքում կդիմեն նույն քայլին:
Փոխարենը Գարեգին Չուգասզյան ասաց, թե այսպիսի հարցեր չեն առաջանա, եթե ապրիլյան պատերազմի դեպքերն անմիջանակորեն կապվեն «Սասնա ծռերի» գործողությունների հետ․ - «Էն նոր զոհերը, որոնք կլինեին հնարավոր պատերազմի ժամանակ, երբ որ մենք էդ հինգ շրջանները տված կլինեինք, կարող էին լինել ձեր եղբայրները, էն երիտասարդները, որոնք այսօր, բարեբախտաբար, ապահով պաշտպանական գծից այս կողմ են գտնվում: Եթե հարցին դուք էդպես մոտենաք, ապա կհասկանաք, որ, այո, ցավալիորեն եղել են զոհեր, և այդ զոհերը անցած ռեժիմի խղճի վրա են»:
Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ հնարավոր է ձևավորվել քաղաքական դաշտ:
«Հասկանում ենք, որ կարծես ժամանակն է արդեն գաղափարական դաշտի ձևավորմանը, գաղափարական բանավեճի, երկխոսությանը և այլն, և այլն: Առանց դրա հնարավոր չէ քաղաքական դաշտի պատկերացումը», - ասաց Սեֆիլյանը: