«Մանվել Գրիգորյանը այլևս գործոն չէ Էջմիածնում այն իմաստով, որ նախևառաջ նա չունի իշխանության հովանավորությունը, որը ուներ նախկինում: Այսինքն, ըստ էության, ամենաթողության արդյունքում էր և իշխանական հովանավորչության արդյունքում էր, որ Մանվել Գրիգորյանը կարողանում էր անպատիժ անել գրեթե ամեն ինչ, պահեր վախի մթնոլորտում Էջմիածինը։ Մանվել Գրիգորյանը էջմիածնեցիների մեծամասնության կողմից ոչ բարյացական վերաբերմունք է վայելում, և ես օբյեկտիվորեն վստահաբար կարող եմ պնդել, որ Մանվել Գրիգորյանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ այսօր էջմիածնում, առավել ևս՝ վախ սփռել։ Բայց միգուցե կա նաև այդ ամենի սուբյեկտիվ ընկալում: Քանի որ մարդիկ տասնամյակներ ապրել են այդ մթնոլորտում, և միգուցե արդեն իներցիոն, ենթագիտակցական վախ է․․․»
Էջմիածնի քաղաքապետը ասաց, որ բնակիչների հետ հանդիպումներ է ունենում, սակայն նրանց մոտ ոչ թե վախ է նկատում, այլ վրդովմունք և վիրավորանք՝ պայմանավորված Մանվել Գրիգորյանի ազատ արձակմամբ․ - «Ինքս կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանի շահերից է բխում այսօր լինել հանդարտ, որևէ կերպ չփորձել որևէ բան անել, իրավիճակ լարել։ Ես կարծում եմ, որ Մանվել Գրիգորյանը ավելի քան երբևէ այս ժամանակ պետք է փորձի որևէ վատ կերպով չառանձնանալ»։
Դեկտեմբերի 21-ին դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց 62-ամյա Մանվել Գրիգորյանին, ով մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ: Նա կալանավորված էր այս տարվա հունիսից։ Նրա փաստաբանը համոզմունք էր հայտնել, որ գրավով ազատ արձակելու՝ դատավորի որոշման համար հիմք է հանդիսացել իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակը։
Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը ամռանը հայտնաբերել էր, «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով։
Վերջին օրերին և՛ Էջմիածնում, և՛ Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում՝ Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով: Ակցիայի մասնակիցները պնդում էին, թե ազատության մեջ գտնվելով՝ Էջմիածնում երբեմնի ազդեցիկ գեներալը վտանգ է ներկայացնում հասարակության համար։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, ասում է, որ եթե մարդիկ կարծում են, թե Գրիգորյանը վտանգավոր է, ապա միակ ճանապարհը իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելն է․ - «Այստեղ ոչ թե բողոքի ցույցերը պետք է աշխատեն, այլ պետք է աշխատի քաղաքացիական այն գիտակցությունը, որ եթե որևէ անձ, հատկապես պաշտոնատար նախկին անձ կատարում է ապօրինի գործողություն, ապա հիմա՝ ներկայիս պայմաններում, դրան պետք է տրվի իրավական ընթացք։ Ես չեմ կարծում, որ գեներալ Մանվելը այսքանից հետո կփորձի նման արկածախնդրության գնալ, որովհետև ինքը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո»։
Իրավապաշտպանը կարծիքով, Մանվել Գրիգորյանի դեպքը ցույց տվեց, որ պետք է շուտափույթ ներդնել անցումային արդարադատությունը. - «Մենք տեսնում ենք, որ այս քրական գործի շրջանակում միայն քննչական մարմինն է հանդես գալիս, Մանվել Գրիգորյանը, պաշտպանները։ Քաղաքացիները միայն հանդես են գալիս որպես նրանց կողմից տեղեկատվության սպառողներ, ոչ թե տեղեկատվություն ստեղծողներ կամ այդ քրեական գործի վերաբերյալ վկայություններ տվողներ։ Ակտիվ դիրքորոշման էությունը պետք է լինեն ոչ թե բողոքի ցույցերը, այլ վկայությունները: Եվ մենք չենք տեսնում Մանվել Գրիգորյանից, նրա անպատժելի գործողություններից, հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիների վկայություններ: Իսկ նման վկայությունների համար նպաստավոր պայմանները կարող են ապահովվել միայն անցումային արդարադատության կոնցեպտի միջոցով: Եվ այդ պարագայում, ես ձեզ վստահեցնում եմ, որ այս բոքողի ցույցերը տեղի չէին ունենա: Որովհետև հիմա մարդիկ տեսնում են, որ կա ճշմարտության պակաս»:
Էջմիածնեցիների համար ոչ միանշանակ են այն պնդումները, որ Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի փոխանցմամբ, Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Էջմիածնի մերձակա Ակնալիճ գյուղի իր առանձնատանը, որտեղ 24-ժամյա հսկողություն են իրականացնում ոստիկանները: