Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարին


ԱԳՆ նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամաբ, Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հայտարարությունը:

Նաղդալյանը մասնավորապես նշել է. «Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե իհարկե անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը:

Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»:​

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Էլմար Մամեդյարովն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն կրկին պատրաստակամություն է հայտնում ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, բայց՝ միայն Ադրբեջանի կազմում։

Նա ափսոսանք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տարիներ տևած բանակցությունները այդպես էլ արդյունք չեն տվել, սակայն հավելել է՝ հույս կա:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի շփումները, հայաստանցի պաշտոնակցի հետ իր հանդիպումները բանակցությունների առաջընթացի որոշակի լավատեսություն են ներշնչում՝ մասնավորապես, նրա խոսքով, «գալիք տարում օկուպացված տարածքներից հայկական զորքը դուրս բերելու հարցով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG