Մատչելիության հղումներ

Բաքուն Ղարաբաղի հարցով լավատեսական ակնկալիքներ ունի 2019-ից


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելում են շփման գիծ, սեպտեմբեր, 2018թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելում են շփման գիծ, սեպտեմբեր, 2018թ․

Պաշտոնական Բաքուն կրկին պատրաստակամություն է հայտնում ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրել Լեռնային Ղարաբաղին, բայց՝ միայն Ադրբեջանի կազմում: Այս մասին հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Էլմար Մամեդյարովն ափսոսանք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տարիներ տևած բանակցությունները այդպես էլ արդյունք չեն տվել, սակայն հավելել է՝ հույս կա:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի շփումները, հայաստանցի պաշտոնակցի հետ իր հանդիպումները բանակցությունների առաջընթացի որոշակի լավատեսություն են ներշնչում՝ մասնավորապես, նրա խոսքով, «գալիք տարում օկուպացված տարածքներից հայկական զորքը դուրս բերելու հարցով»:

Ռազմաշունչ հռետորաբանությամբ աչքի ընկնող և պատերազմի սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանի իշխանությունները, միևնույն ժամանակ, հավաստիացնում են՝ հոգ կտանեն Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: «Մեր երկիրը ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակիչների անվտանգությունը կապահովի, նրանց կտրամադրի բարձր մակարդակի ինքնավարություն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», - հայտարարել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը:

Պաշտոնական Ստեփանակերտը հեգնում է՝ «գնահատում են Բաքվի շռայլությունը», բայց «ամանորյա նվերը» թերի է՝ պետք է նաև հայտարարեին, որ Լեռնային Ղարաբաղի նահանգապետի պաշտոնն էլ կզբաղեցնի Ռամիլ Սաֆարովը, ով 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն 2012-ին էքստրադիցիայի ենթարկվեց հայրենիք և Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ Ադրբեջանի նախագահի կողմից։

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Մամեդյարովի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն չի փոխել իր դիրքորոշումը, հետևաբար՝ «պարոն Մամեդյարովի ցանկությունները կմնան ցանկություն և երազանք»:

«Նույն հայատյաց, նացիստական, ռևանշիստական քաղաքականությունն է, և ոչ մի սուբստանտիվ, ինչպես Մամեդյարովն է սիրում ներկայացնել, ոչ մի սուբստանտիվ առաջարկ չկա: Կրկին շլյագեր դարձած մուղամներն են երգում: Պարոն Մամեդյարովի ցանկությունները այդպես էլ կմնան ցանկություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:

Արցախցի պաշտոնյան վստահեցրեց՝ հայտարարությունները, թե հայաստանյան իշխանությունները որոշակի առաջընթացի հույս են ներշնշում, ընդամենը վիրտուալ խոսքեր են, որոնք Բաքուն հնչեցնում է Հայաստանում իշխանափոխության առաջին իսկ օրերից: Մամեդյարովի այդ հայտարարությունը Ադրբեջանից հնչող այն պնդումների շարքից է, թե իրենք են կազմակերպել հայաստանյան թավշյա հեղափոխությունը, ընդգծեց Դավիթ Բաբայանը:

«Սա ավելի շուտ և՛ կեղծ են, բացի դրանից՝ վիրտուալ են: Այն, որ նրանք ուզում են, որ այդպես լինի, չի նշանակում, որ դա իրականություն է: Այսպիսի ցնորամիտ հայտարարություն է արել Ալիևը, շարունակել է մի քանի անգամ, հիմա էլ Մամեդյարովն է ասում, որ լավատես է: Այսինքն՝ ի սկզբանե նրանք ռումբ են դրել որևէ կառուցողական երկխոսության տակ, նոր Հայաստանի իշխանությունների: Որովհետև նման հայտարարությունները փաստորեն անհնարին են դարձնում որևէ կառուցողական մոմենտ բանակցությունների ընթացքում», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ հավելելով․ - «Այսինքն՝ կրկին պետք է հինական շեշտը դրվի խաղաղության և կայունության պահպանման վրա»:

«Հետևաբար, Մամեդյարովի ասածը ոչ այլ ինչ է, քան պարզապես ահաբեկչության՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու, ինչպես նաև ներհայկական միասնականությունը խարխլելու, բայց չեմ կարծում, որ դա իրեն կհաջողվի», - շեշտեց Բաբայանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Մամեդյարովը անդրադարձել է նաև հայաստանյան նոր իշխանությունների պահանջին՝ պաշտոնական Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այն իրատեսական չէ, կրկին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և պնդել, թե «բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ»:

Փոխարենը, Մամեդյարովը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը երկու երկրների բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված հստակ քայլերի իրագործման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG