Մատչելիության հղումներ

Հակընդդեմ ակցիաներ անցկացվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև


Մի խումբ քաղաքացիներ այսօր պաստառներով Ռուսաստանի դեսպանատան առջև էին՝ պահանջելով, որ դեկտեմբերի սկզբին Գյումրիում հայ կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողին հանձնեն հայկական կողմին։

Նրանք նամակ էին բերել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Արձանագրելով, որ Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սերգեյ Կոպիրկինին մեր խորը վրդովմունքը և մտահոգությունն ենք հայտնում ռազմահենակետում տիրող իրավիճակի առնչությամբ», - ասված է նամակում:

«Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունից հետո գյումրեցիները այդպես էլ չստացան երաշխիքներ, որ ապահովագրված են նման միջադեպերից», - հայտարարեց ակցիայի մասնակից Նարինե Դիլբարյանը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը ոչինչ չարեց նաև 102-րդ ռազմաբազայում կարգուկանոն հաստատելու ուղղությամբ․ - «Դեկտեմբերի 3-ին Գյումրու Սլաբոդկա կոչվող թաղամասում ռուս զինծառայողի կողմից քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի 57-ամյա կնոջ, ՀՀ քաղաքացու դաժան ծեծը տեղի ունեցավ: Իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում վայրագ բռնության ենթարկվելով՝ հայ կինը մահացավ ռուս զինծառայողի ձեռքով»:

Այսօր դեսպանատան առջև հավաքված քաղաքացիներից բացի, Հայաստանի իրավապաշտպաններից շատերը ևս պնդում են, որ Հայաստանի տարածքում ծանր հանցանքի մեջ մեղադրվող զինվորականին ռուսական կողմը պետք է հանձնի հայ իրավապահներին։

Վերջերս այս հարցին անդրադառնալով՝ Հայաստանի գլխավոր դատախազը նշել էր, որ հայ-ռուսական համաձայնագրում կա կետ, ըստ որի ռազմաբազայի տարածքում դատավարական գործողությունները չպետք է հակասեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը: Իսկ այն սահմանում է, որ ռուս մեղադրյալը չի կարող արտահանձնվել այլ երկրի։

Հայաստանի քաղահասարակության ներկայացուցիչները, սակայն, համադարձում են, պնդելով՝ Ռուսաստանի օրենսդրությունը կգործեր, եթե զինծառայողը չգտվեր Հայաստանի տարածքում։

«Քարոզչություն է ընթացել այս ամբողջ 30 տարիների ընթացքում Հայաստանի անկախության դեմ: Եվ այստեղ ռուսական քարոզչամեքենայի դերը նույնպես մեծ է: Այս քարոզչությունը նաև չէր կարող անհետևանքն անցնել: Դա ռուսական կողմի մեղքը չէ, դա Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքն է, նախկին և ներկա իշխանությունների մեղքը, որոնք իրենց առջև նման քաղաքական խնդիր չեն դրել», - ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից լրագրող Նարինե Մկրտչյանը:

Բողոքի ակցիային հսկայական պաստառով մասնակցում էին նաև Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչները, որոնցից կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ ակցիային եկել են, սակայն դեսպանին ուղղված նամակը չեն ստորագրել, քանի որ իրենց պահանջը ոչ թե 102-րդ ռազմակայանը Հայաստանից հեռացնել է․ - «Ռուսական բանակը դո՛ւրս Հայաստանից: Չստորագրեցինք, որովհետև համարում ենք, որ այդ պահանջների մի մասը չպետք է ուղղվեն Ռուսաստանի դեսպանատանը: Դա մեր ներքին գործն է, դա դատախազության, արտաքին գործերի հարցն է, և ռուսական դեսպանատունը ուղղակի լիազորված չէ էդ հարցերին պատասխանել»:

Այս ակցիայից մեկ ժամ անց Ռուսաստանի դեսպանատան տարածք եկան նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության ակտիվիստները՝ այսպես ասած հակընդդեմ ակցիայիով՝ հայտնելու ռուսներին, որ Հայաստանը պարզապես չի կարող առանց 102-րդ ռազմաբազայի։

«Բոլորդ լավ գիտեք, որ հայ ազգի միակ փրկության ամենավերջին կետը հասնում ա Ռուսաստան: Ե՛վ սկզբնակետն է հասնում Ռուսաստան, և՛ վերջնակետը: Ուստի, լինելով հայեր, մենք պետք է մեր մեծ եղբայր ռուս ազգին հարգենք, միշտ հարգանքով վերաբերվենք ռուս ազգի նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց հակընդդեմ ակցիայի մասնակիցներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG