Մատչելիության հղումներ

Գազի գինը, կարծում եմ, չի թանկանա. Հակոբ Բադալյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես անցած շաբաթ պարզաբանել էր Փաշինյանը, Պուտինի հետ քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ գազի սակագնի խնդիրը:

Առայժմ պարզ չէ` գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ։ Ինչպես վարչապետի պաշտոնակատարն էր ասել, բարձրացման մասին տեղեկատվություն չունի՝ հույս հայտնելով, որ բանակցությունները հաջող կընթանան:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանն «Ազատության» հետ զրույցում այնուամենայնիվ վստահություն հայտնեց, որ գազի սակագնի բարձրացում տեղի չի ունենա:

Վերլուծաբանի խոսքով, ընդհանրապես գազի գինը Ռուսաստանի համար մշտապես քաղաքական հարցեր լուծելու գործիքներից է եղել, այն պարբերաբար հայտնվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում և գաղտնի որոշումների արդյունքում սակագինը բարձրացել է։

Հակոբ Բադալյանը բերում է 2011-ի օրինակը, երբ տեղեկություններ կային, որ գազի սակագինը բարձրացել է, բայց իշխանությունը հերքում էր այն, և միայն 2013-ից հետո, երբ ընտրություններն արդեն ավարտվել էին, իշխանությունները խոստովանեցին, որ սակագնի բարձրացում է տեղի ունեցել՝ տեղեկացնելով, նաև որ այդ ընթացքում պետությունը պարտքեր է կուտակել:

Բադալյան. - Որպես կանոն, Հայաստանը միշտ զիջել է ինչ-որ բան` գազի օպտիմալ գին ստանալու համար։

«Ազատություն». - Այս անգամ նման զիջումների հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Բադալյան. - Տարօրինակ կլինի, եթե նոր իշխանությունը, իր լեգիտիմության պաշարով, գազի գնի հարցում գնա Հայաստանի համար միակողմանիություն ենթադրող զիջումների, այլապես հարց կառաջանա, թե ինչի համար է օգտագործվում լեգիտիմության ուժը, եթե էլի խնդիրը պետք է կարգավորվի միակողմանի զիջման տարբերակով։ Ես հակված եմ մտածելու, որ այս նոր իրավիճակում դիրքային փոխադարձ ճշգրտումների հարցում ձևավորված մի խնդիր է, որը, կարծում եմ, այդուհանդերձ կստանա լուծում, որը Հայաստանի համար ցավոտ չի լինի։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք կարծում եք չի՞ բարձրանա, թե՞ կբարձրանա գազի սակագինն այնքան, որ զգալի չի լինի։

Բաղադլան. - Կարծում եմ, որ չի բարձրանա, ես ավելի հակված եմ կարծելու, որ այդուհանդերձ գինը, եթե չնվազի, ապա չի էլ բարձրանա։

«Ազատություն». - Այդ դեպքում, ինչպես Դուք նաև նշեցիք, հնարավո՞ր է Հայաստանն ինչ-որ զիջումների գնա, ի վերջո Ռուսաստանը երբևիցե չի համաձայնել հենց այնպես գազի գինն անփոփոխ թողնել, կամ, լավագույն դեպքում, նվազեցնել, ինչի մասին նաև խոսում եք։

Բաղադլայն. - Նոր իրավիճակում այստեղ մտածելու տեղ ունի նաև Ռուսաստանը, որովհետև հիմա Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն, վայելում է հասարակության մեծ մասի համակրանքը և վստահությունը, և այստեղ Ռուսաստանը նաև պետք է մտածի, որ այդ իշխանության հետ հարաբերություններում գազի գնի, այսպես ասած, որպես մահակ կիրառումը սա Ռուսաստանի համար կարող է առաջացնել խնդիրներ, իսկ գնալ քայլերի, որոնք կարող են հասարակության դժգոհությունն առաջացնել, չեմ կարծում, որ Ռուսաստանի իշխանության համար կարող է լինել լավ լուծում, կամ լավ որոշում։

Նշենք, որ ռուսական «Գազպրոմ»-ը ամբողջովին իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիա»-ին Հայաստանի սահմանին գազի հազար խորանարդ մետրը վաճառում է 150 դոլարով: Նույն այդ գազը ռուսական մոնոպոլիստը Հայաստանի բնակիչներին արդեն վաճառում է գրեթե երկու անգամ թանկ՝ 285 դոլար:

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ գազի սակագնի գնագոյացման հարցը նա քննարկել է նաև Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկացնելով, որ թեև հայաստանյան հանրությանը մատուցվում է, թե Ռուսատջանը էժան գազ է մատակարարում Հայաստանին, իրականում հայաստանցիները այդ էժան գազը չեն ստանում, քանի որ «Գազպրոմ Արմենիան» այն կրկնակի թանկ է վաճառում: Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, ասել էր, թե այդ տեղեկությունը զարմացրել էր Պուտինին:

«Ազատություն»․ - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ նույնիսկ եթե բարձրացում տեղի ունենա, այդ բարձրացումը չեզոքացվի սահմանից հետո գնագոյացման մեջ որոշակի փոփոխություններ կատարելու միջոցով:

Բադալյան․ - Ես կարծում եմ, այս խնդիրները հասկանալու իրողության առաջ է կանգնած նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը՝ արդյո՞ք կա ներսում էժանացնելու ռեսուրս: Եվ ըստ այդմ, կարծում եմ, որոշումներ կլինեն նաև սահմանի գնի առնչությամբ:

Վահագն Խաչատրյան
Վահագն Խաչատրյան

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մինչդեռ շեշտում է, քննարկել պետք է ոչ թե գազի սակագնի բարձրացման, այլ իջեցման հարցը, քանի որ այսօր գործող սակագինը, որը ձևավորվեց 2013-ի պայմանագրի շրջանակներում, հիմնավորված չէր և բխում էր ոչ թե Հայաստանի, այլ նախկին իշխանության շահերից:

Տնտեսագետի համոզմամբ, այս շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում Փաշինյանը հնարավորություն ունի վերջնականապես գազի սակագնի հետ կապված բոլոր հարցերը փակել:

«Ազատություն»․ - Դուք կարծում եք, որ չկա՞ սակագնի բարձրացման հարց:

Վահագն Խաչատրյան․ - Ոչ: Պիտի չլինի այդպիսի հարց: Պետք ա լինի գազի գնի իջեցման հարց: Եվ այդ հարցը կա: Ելնելով նրանից, որ գազի կամ էլեկտրաէներգիայի կամ ջրի սակագնի հաշվարկման մեթոդոլոգիան հնացած է:

«Ազատություն»․ - Ինչի՞ հաշվին պետք է իջնի սակագինը․ սահմանից հետո առաջացող գնագոյացմա՞ն շրջանակներում:

Խաչատրյան․ - Նաև էդպես: Մինչև սահման և սահմանից հետո:

«Ազատություն»․ - Կարծում եք, Հայաստանը, նոր իշխանությունը ունի՞ այդ լծակները:

Խաչատրյան․ - Միանշանակ: Որովհետև Հայաստանի գործող իշխանությունը կարիք չունի ընտրությունները կեղծելով իշխանություն մնալ: Իսկ 2012-2013 թվականներին դա էր պատճառը: Գազը ընդհանրապես քաղաքական գործիք է միշտ եղել, հիմա էլ շարունակում է մնալ: Տնտեսական առումով գազի գնի բարձրացման հիմնավորում չկա:

«Ազատություն»․ - Բայց քաղաքական առումով հնարավոր է և բարձրանա՞

Խաչատրյան․ - Էդ դեպքում դրա գինը արդեն պետք ա որոշեն էդ բանակցություններում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG