Մատչելիության հղումներ

Կառավարման փորձագետ․ Ստեղծվում են սուպերնախարարություններ


Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյան
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դեռևս չկա, բայց շահագրգիռ գերատեսչություններին արդեն ուղարկվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել համացանցում։

Ըստ այդ նախագծի, կառավարության կազմից դուրս է գալիս առաջին փոխվարչապետի պաշտոնը, որը 2018-ի փոփոխությունների արդյունքում ներդրվել էր, ըստ ընդդիմադիրների, հատուկ Կարեն Կարապետյանի համար։

Նախարարությունների թիվը կկրճատվի 5-ով՝ դառնալով 12։ Լուծարվում է Սփյուռքի նախարարությունը, Մշակույթի և Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունները միանում են Կրթության և գիտության նախարարությանը, Էներգետիկայի նախարարությունը միանում է Տարածքային կառավարման նախարարությանը, Գյուղատնտեսության նախարարությունը միանում է Տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը փոխվում է Տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության։

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարերեց, որ իրենց հետ որևէ քննարկում չի անցկացվել և հիմնավորում չի ներկայացվել փոփոխությունների հետ կապված․ - «Հապշտապ շրջանառվում է մի փաստաթուղթ, որը, անկախ նրա վերաբերյալ կարծիքներից, արդեն իսկ փաստաթղթում շրջանառվում է ժամկետ՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու: Եվ տրվում է իրավական ակտի նույնիսկ էդ առումով խախտումով․ ցանկացած իրավական ակտի վերաբերյալ պետք է տրվի 5-օրյա ժամկետում՝ տրվել է կարծիքի 3-օրյա ժամկետ: 3-օրյա ժամկետը ենթադրում է, որ եթե ուրբաթ օրը առավոտյան մուտք է եղել էդ փաստաթուղթը մշակույթի նախարարություն, ապա դրա վերջնաժամկետը պետք է լիներ կիրակի օրը»:

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը անընդունելի է համարում նման փոփոխությունները: Նրա գնահատմամբ, ստեղծվում են սուպերնախարարությունները, որոնք ընդամենը դանդաղեցնելու են պետական ապարատի գործունությանը՝ չափազանց մեծ ծավալի պատճառով. - «Ըստ էության, մենք պետք է հասկանանք, թե ինչն ենք օպտիմալացնում: Եթե մենք բերում ենք նախարարությունները մեխանիկական միավորում ենք, դա նշանակում է, որ եթե մի նախարարի մոտ պետական գրությունը առաջ մեկ-երկու օր էր մնում զբաղվածության պատճառով, դրանից հետո մնալու է տասը օր»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ինքը դեռ նախընտրական շրջանում է հայտարարել թվով 5 նախարարությունների կրճատման մասին և ժողովրդից ստացել է մանդատ դա իրականացնելու համար:

«Սովորաբար աշխարհում ամեն 9-11 աշխատողին ընկնում ա մի ղեկավար, մեր կառավարման համակարգում ամեն 3,5 աշխատողին ընկնում ա մի ղեկավար: Այսինքն, մեր կառավարման համակարգում պետեր են, փոխնախարարներ են, վարչության պետեր են, բաժնի պետեր են, պետերի տեղակալներ են, բայց աշխատող ավելի քիչ կա, քան թե ղեկավարություն», - ասել էր Փաշինյանը:

Նախագծի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՅԴ կուսակցությունը։ «Խնդրահարույց և կամայական այդ որոշումը հղի է լրջագույն բացասական հետևանքներով», - ասված է հայտարարությունում։ - «Կուսակցությանը հատկապես մտահոգել է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների, որպես առանձին պետական կառավարման մարմինների, գոյությունը հարցականի տակ դնելու մոտեցումը»:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ՀՅԴ քվոտայով գյուղատնտեսության նախարի պաշտոնը զբաղեցրած Արթուր Խաչատրյանը անտրամաբանական է համարում նաև փոփոխությունը գյուղատնտեսութան նախարարության առումով․ - «Չեմ կարծում, որ ճիշտ է գյուղատնտեսությունը էկոնոմիկային միացնելը: Ընդհակառակը, կարծում եմ, որ պետք է է՛լ ավելի հզորացնել Գյուղատնտեսության նախարարությունը: Վերջ ի վերջո գյուղատնտեսությունը մեր համախառն ներքին արդյունքի մոտ 15 տոկոսն է տալիս, գյուղատնտեսական վերամշակումը՝ հավելյալ 10 տոկոս: Այսինքն, ՀՆԱ-ի 25 տոկոսի մասին ենք խոսում: Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ միացնեին գյուղատնտեսությանը Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որովհետև գյուղատնտեսությունն է ջրային ռեսուրսների հիմնական շահառուն: Եվ այս տարի որ մենք ունեցած գյուղատնտեսության անկում օգոստոս ամսից հետո, դա պայմանավորված էր ոչ միայն անոմալ շոգերով, այլ պայմանավորված էր մեծապես նաև ջրային ռեսուրսների ոչ բավարար մատակարարմամբ: Եթե Գյուղատնտեսության նախարարությունը կառավարեր ջրային ռեսուրսները, ինքը ավելի օպտիմալ դա կկառավարեր և ավելի ճիշտ կկարողանար բաշխել: Նաև ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ գյուղատնտեսության միանար ԱԻՆ-ի հակակարկտային ծառայությունը, որովհետև ԱԻՆ-ը իր աշխատանքները լավ չի կատարում տարբեր պատճառներով՝ գազագեներատորային կայաններն են ոչ արդյունավետ, հրթիռներն են ուշ բերվել և այլն, բայց՝ կարկտի դեմ արդյունավետ պայքար չի իրականացվում, մեղավոր է Գյուղատնտեսության նախարարությունը»:

Կառավարությունից դեռևս չեն հստակեցնում, թե փոփոխությունների արդյունքում քանի հաստիք կկրճատվի և ադյունավետ կառավարումը որքան միջոց կխնայի պետության համար։ Այս հաշվարկները, ամենայն հավանականությամբ, կներկայցվեն արդեն Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG