Իսրայելի քաղաքացի արաբ ուսանողների կողմից Հայաստանից հարյուրավոր կեղծ դիպլոմների ձեռք բերման մասին սկանդալային հետաքննություն այժմ էլ դարձել է Իսրայելի Քնեսետի քննարկման թեման:
Երկուշաբթի օրը Քնեսետի աշխատանքի, սոցիալական ապահովության և առողջապահության խորհրդարանական հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին բազմաթիվ պատգամավորներ ու կրթության և առողջապահության նախարարության աշխատակիցներ: Գլխավոր բանախոսը առողջապահության նախարարության կադրերի բաժնի պետ, պրոֆեսոր Շաուլ Յացիվն էր, ով իր խոսքում նշեց, որ ստրատեգիական լուրջ խնդիրներ կունենա երկիրը, եթե միջոցներ չձեռնարկեն ու շարունակեն ընդունել շատ ցածր մասնագիտական կրթություն տրամադրող Մոլդովայի ու Հայաստանի բժշկական հաստատություններն ավարտած ուսանողներին: Նիստի ընթացքում նա ասաց, որ շատ ուսանողներ, որոնք ստաժավորում են անցնում, իրենց կյանքում նույնիսկ հիվանդ չեն տեսել:
«Հայաստանում վիճակն ավելի ծանր է քան Մոլդովայում, և չեմ խոսում այժմ ոստիկանության հետաքննության մասին, այլ տեղում կասկած նույնիսկ չկա, որ ուսանողները բավարար չեն սովորում, դասաժամերը քիչ են ու գործնական աշխատանքներն էլ ոչ բավարար են», - ասաց պրոֆեսոր Յացիվը:
Քնեսետի այս քննարկումն, ինչպես նաև Իսրայելի մամուլն է գրում, միանշանակ չընդունվեց: Նախ՝ նիստին ներկա էին Իսրայելի արաբական բնակչության շահերը պաշտպանող պատգամավորներ Այման Ուդը և Ախմադ Տիբին:
Այման Ուդը, որը գլխավորում է արաբական միացյալ ցուցակը Քնեսետում, նախ մեղադրեց առողջապահության նախարարությանը, որն էլ տվել էր արտոնագրեր հետագայում ձերբակալված այդ բժիշկներին: «Այդ մարդիկ հանձնել են պետական քնություններն ու աշխատում էին հենց նախարարության թույլտվությամբ և հանկարծ հայտարարում են, որ այդ մարդիկ հանցագործներ են: Այդ կերպ պետությունը ոտնահարել է նրանց իրավունքներն ու կասկածի տակ առել նրանց մասնագիտական հեղինակությունը նաև խաղացել նրանց ընտանիքների պատիվի հետ», ֊ հայտարարեց նա։
Պատգամավոր Ախմադ Տիբին, որը նաև մասնագիտությամբ բժիշկ է, իր հերթին նիստի ժամանակ ասաց, թե շատ վրդովված է ոստիկանական օպերացիայի անվանումից՝ «Սպանության արտոնագիր», ու մարդկանց ձերբակալություններից, կարծես թե խոսք էր գնում մարդասպանների ու թմրաբիզնեսի ոլորտի հանցագործների մասին։ Նա հավելեց, որ այսօր արաբ դեղագործներն ու բժիշկները ծանրակշիռ ազդեցություն ունեն, Իսրայելում լավագույն մասնագետներն են ու շատ արաբ բժիշկների է ճանաչում, որոնք ավարտել են թե՛ Մոլդովայի, և թե՛ Հայաստանի բուհերն ու այսօր լավ մասնագետներ են: Այնուհետև քննարկումը տեղափոխվեց արաբա-հրեական հակամարտության և ռասիզմի ու խտրականության դաշտ, որով էլ ավարտվեց՝ առանց որևէ որոշման:
Նույն օրը THE MARKER թերթին տրված իր ընդարձակ հարցազրույցում առողջապահության նախարարության կադրերի բաժնի պետ, պրոֆեսոր Շաուլ Յացիվն ասել էր, որ մտադիր են Մոլդովայի ու Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունների դիպլոմների վրա արգելք դնել ու այլևս չընդունել այդ երկրներում ուսանած ուսանողների դիպլոմները:
«Նման որոշման դեպքում լուրջ դիվանագիտական խնդիրներ կծագեն Հայաստանի ու Իսրայելի միջև», - գտնում է իրավապաշտպան Հադաս Բրավեն: ֊ «Ես կարծում եմ, որ դա կլինի սխալ և ծանր որոշում, որը վատ կանդրադառնա ոչ միայն այնտեղ սովորած ուսանողների, այլև Իսրայելի ու Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա և ես հուսով եմ, որ նման որոշում չի կայացվի և քիչ հավանական է այժմ», - ասաց նա:
Հադասն այն իրավաբաններից է, ով մի քանի տարի պայքարում է Մոլդովայի ու Հայաստանի ոչ պետական բժշկական բուհերն ավարտած արաբ ուսանողների իրավունքների համար և դատական կարգով տասնյակ գործեր է շահել:
«Ազատության» հարցին՝ եթե նախարարությունը, այնուամենայնիվ, կայացնի նման որոշում, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, Հադասը պատասխանեց. ֊ «Իհարկե կա հնարավորություն դիմել երկրի օմբուդսմենին, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում ավելի երկար ժամանակ կպահանջվի, ուստի եթե այլընտրանք չլինի, կարելի է դատարան դիմել»։
Նա, սակայն, հայերի դեմ ուղղված ընդգծված դիրքորոշում չի տեսնում, ուղղակի կարծում է, որ նախարարությունը ջանում է սահմանափակել քաղաքացիների ուսուցումը արտասահմանում, սակայն յուրաքանչուր 10 բժշկից 6֊ը ուսանել է արտասահմանում։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայաստանում տեղյակ են խնդրից և իր նաև անմիջական աջակցությամբ Իսրայելի դեսպան Էյհուդ Երուշալմին մի տարի առաջ հայաստանյան գործընկերների հետ քննարկել էր կրկին կեղծ դիպլոմների թեման: Երուշալմին արդեն թոշակի է անցնում և դեռ հայտնի չէ թե ով է նրան փոխարինելու: Մեկ շաբաթից նա վայր կդնի լիազորությունները:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից էլ տեղեկացանք, որ հայկական կողմը դիվանագիտական խողովակներով կփորձի հավելյալ տեղեկություններ ստանալ ոստիկանական հետաքննության հետ կապված և կրկին վերահաստատեցին, որ որևէ դիմում Իսրայելյան կողմից չի ստացվել:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 2-ին Իսրայելի ոստիկանությունն իրականացրեց «Սպանության արտոնագիր» խորագրով օպերացիան, որն անցկացվել էր Իսրայելի ողջ տարածքում ու արդյունքում ձերբակալվել էին 40 ազգությամբ արաբ բժիշկներ, ատամնաբույժներ, դեղագործներ ու զանազան բուժհաստատություններում աշխատող ու վերաորակավորում անցնող մասնագետներ, որոնց մեղադրեցին Հայաստանից կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեջ: Նրանց օրեր անց ազատ էին արձակել, սակայն հետաքննությունը շարունակվում է։