Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերի իր էջում այսօր գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «արդի ժամանակների սառնասիրտ մարդասպան է, ով պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների ջարդերի համար»:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հետ չի կանգնի պաղեստինցի ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումից: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը, ինչպես նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները, նույնպես խստորեն քննդատել են Իսրայելի վարչապետին:
Ավելի վաղ Էրդողանը ասել էր, թե Իսրայելում խփում են գետնին ընկած մարդկանց, այդ թվում կանանց ու երեխաների, և եթե նրանք քաջություն ունեն՝ կարող են նրանց դաս տալ:
Պատասխանելով Էրդողանին, Նեթանյահուն Թվիթերի իր էջում երեկ գրել է. - «Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի օկուպանտ է, նրա բանակը քրդական գյուղերում կոտորում է կանանց ու երեխաների՝ Թուրքիայի ներսում ու դրսում, Թուրքիան չպետք է դաս տա Իսրայելին»: