Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշումը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ստորագրել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, ըստ որի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հաղորդում է БелТа լրատվական գործակալությունը:

Լուկաշենկոն պաշտոնապես պաշտպանել է Ստանիսլավ Զասի նշանակումը, ստորագրելով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը, հաղորդում է բելառուսական լրատվական գործակալությունը՝ չմանրամասնելով, թե ում կողմից է մշակվել այդ նախագիծը:

Լուկաշենկոն այսօր ընդունել է Ստանիսլավ Զասին, ով պատմել է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Գլխավոր քարտուղարի նշանակման նման ձևը Լուկաշենկոն առաջարկել էր ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Ստանիսլավ Զասը, Հայաստանից բացի այցելել մյուս անդամ երկրներ և ինչպես հաղորդվում է, այդ երկրների ղեկավարները պաշտպանել են նրա թեկնածությունը:

Ստանիսլավ Զասի հետ այսօր կայացած հանդիպմանը Լուկաշենկոն ասել է. - «Նախկինում ասել էի, որ Բելառուսը մի քանի թեկնածու ունի, բայց ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որպեսզի, եթե կարելի է այսպես ասել, օրինակ ցույց տամ, որ այդ կազմակերպությունում արդեն ժամանակն է որ մենք նախկին, պաշտոնաթող գեներալների ֆորմալ նշանակումներից անցնենք գործող, երիտասարդ ու հեռանկարային գեներալների նշանակմանը, որ այդ կազմակերպությանը նշանակություն հաղորդենք: Հատկապես, որ նշանակվում էին զինվորական ծառայությունից ու քաղաքականությունից վաղուց հեռացած պաշտոնաթող գեներալներ, իսկ սա ամեն դեպքում ռազմա-քաղաքական կառույց է»:

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ նման գործելաոճին կհետևեն նաև ՀԱՊԿ-ի մյուս անդամները՝ իրենց ներկայացուցիչներին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու դեպքում:

ՀԱՊԿ անդամ են վեց երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Երևանը մինչև հիմա պնդում է, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո, այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, քանի որ ռոտացիոն սկզբունքով Հայաստանը ՀԱՊԿ-ը նախագահելու է մինչև 2020 թվականը:

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ազատության» թղթակցին այսօր ասել է, թե մեկնաբանելու նորություն չկա: - «Գլխավոր քարտուղարի հարցը կլուծվի ՀԱՊԿ-ի նիստում»,- ասել է նա:

Մինսկում Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Ստանիսլավ Զասը լրագրողներին ասել է, թե հույս ունի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար նշանակվել կոնսենսուսով:

«Կարծում եմ մինչև տարեվերջ, կամ հաջորդ տարվա սկզբին իրավական բոլոր ձևականությունների պահպանմամբ կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- ասել է նա լրագրողներին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա պլանավորում է այցելել Հայաստան, Ստանիսլավ Զասն ասել է, թե պատրաստ է Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ մեկնել ու հանդիպել նրան, արտգործնախարարին, պաշտպանության նախարարին, քննարկել այն հարցերը, կամ խնդիրները, որ նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում և շարունակել աշխատել, այդ թվում նաև այդ խնդիրների ուղղությամբ:

Բայց «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Արման Եղոյանն ասել է. - «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»:

Զասի խոսքերով ՀԱՊԿ-ի կանոնադրությունում ընթացակարգեր կան, որոնք թույլ են տալիս որոշումներ ընդունել սահմանափակ ձևաչափով, երբ անդամ բոլոր երկրները չէ, որ համաձայն են այս կամ այն հարցին: - «Բայց ես հույս ունեմ, որ ամեն դեպքում կոնսենսուս կլինի և այսօր առկա խնդիրները կհանվեն: Այդ տարբերակը կլինի լավագույնը և օգտակար գործի համար: Պետք է հաղթահարել տարաձայնությունները և անցնել նորմալ աշխատանքի», - ասել է նա:

Սակայն ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, թե կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները: - «Փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ», - ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող գեներալ-լեյտենանտ Ստանիսլավ Զասը ռազմական ուսուցման առաջին քայլերն արել է Ադրբեջանում՝ 1985 թվականին նա ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական հրամանատարության ուսումնարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG