Մատչելիության հղումներ

Համազգային թատրոնի նոր ղեկավարությունը բազմաթիվ ծրագրեր ունի


.
.

Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի դերասանների՝ ճիշտ մեկ ամիս տևած ընդվզումն ու ըմբոստությունը թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի դեմ վերջնականապես իր հանգուցալուծումը գտավ, երբ երկու օր առաջ Վիգեն Չալդարնյանը հրաժարական տվեց Մշակույթի նախարարի հետ զրույցից հետո:

Երեկ Մշակույթի նախարարի հրամանով Արման Նավասարդյանը նշանակվեց թատրոնի տնօրենի պաշտոնակատար, իսկ այսօր, արդեն վերջինիս հրամանով, թատրոնի գեղարվեստական ղեկավար դարձավ Նարինե Գրիգորյանը:

Հենց սա էր պահանջում թատերախումբը, որը մեկ ամիս առաջ գործադուլ հայտարարեց՝ պահանջելով նախ Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, ապա թատրոնի ղեկավարման փոխանցումը Արման Նավասարդյանին և Նարինե Գրիգորյանին:

Այսօր հրավիրած ասուլիսին ի պատասխան «Ազատության» հարցին, թե կհաջողեին արդյոք նման հեղափոխական ըմբոստության շնորհիվ իրենց նպատակներն իրագործել նախորդ իշխանական համակարգի օրոք, Արման Նավասարդյանն ու Նարինե Գրիգորյանը վերհիշեցին, թե երկու տարի առաջ ինչպես են ընդունել Վիգեն Չալդրանյանի նշանակումը որպես թատրոնի ղեկավարի:

Արման Նավասարդյան․ - «Նախարարն այն ժամանակ Արմեն Ամիրյանն էր և տարբեր մեթոդներով փորձեց խոսել մեզ հետ՝ հրամայելով, պահանջելով: Որից հետո ասաց մի բան՝ դե լավ էդ մարդը ձեզ մոտ չի աշխատել որպես գեղարվեստական ղեկավար, բեմադրել ա մի «Համլետ», վատ չի ստացվել, թողեք աշխատի․ եթե ստացվեց՝ թողեք մնա, եթե չի ստացվում՝ առաջինը ես կլինեմ, որ կհանեմ: Մենք թողեցինք: Եվ պարբերաբար խոսակցություններ են եղել իր առանձնասենյակում, խնդրել ենք, որ էս բանը սենց լինի, էն բանը նենց լինի, որովհետև մենք քսան տարի ա էս թատրոնում ենք և գիտենք թատրոնի ամեն մի հիվանդության պատճառները: Մենք շատ լավ գիտենք ինչ ա պետք էս թատրոնին, չէ՞ որ մենք մեջի մարդ ենք: Եվ շատ-շատ հարցերում փորձել ենք օգնել իրեն, բայց չի ստացվել: Հիմա ես չեմ կարող ասել՝ եթե հեղափոխությունը չլիներ, կլինե՞ր, թե՞ չէ էս ամեն ինչը․․․ Բայց կարծում եմ, որ բաժակը լցվում ա, և որևէ հեղափոխություն չի կարող խանգարել բաժակը լցվելուն»:
Ինչպես Նավասարդյանը, այնպես էլ Նարինե Գրիգորյանը շեշտում էին, որ կցանկանային Չալդրանյանին կրկին որպես ռեժիսոր տեսնել իրենց թատրոնում:

«Մենք շատ կուզենանք, որ հետագայում Վիգեն Չալդրանյանը համաձայնի մեզ հետ աշխատել: Վիգեն Չալդրանյանի հետ մենք շատ սիրով ենք աշխատել՝ որպես դերասան և ռեժիսոր: Մեր հարաբերությունները չի ստացվել ղեկավարման հարցում, մեր պրոբլեմը ղեկավարելու դեմ ա եղել», - ասաց Արման Նավասարդյաը:

Նարինե Գրիգորյանը հավելեց․ - «Մենք որպես դերասաններ ձևավորվել ենք տարբեր ռեժիսորների հետ աշխատելու շնորհիվ: Դրա համար շատ լավ դերասաններ են, և ամեն մեկը գունապնակ ունի հենց տարբեր ռեժիսորների հետ աշխատելու շնորհիվ: Պարոն Չալդրանյանը, որը ժողովին հայտարարեց, որ սա կդառնա փակ թատրոն, քսան տարի առաջ եթե աներ, գուցե ընդունեինք: Բայց այսօր, 21-րդ դարում ասել փակ թատրոն, այսինքն՝ երբ աշխատում է միայն մեկ ռեժիսոր, դա սխալ է: Եվ եթե հիմա էլ կա գեղարվեստական ղեկավար, դա չի նշանակում, որ բեմադրությունը անելու է գեղարվեստական ղեկավարը միայն․ գալու են տարբեր բեմադրիչներ, նաև Վիգեն Չալդրանյանը՝ եթե համաձայնի գալ աշխատալու»:

Նարինե Գրիգորյանի համոզմամբ, իրենց թատրոնում շատ հաճախ պիտի ներկայացվեն նաև հայ ժամանակակից հեղինակների պիեսներ․ - «Առաջիկա պրեմիերան կլինի հենց ժամանակակից հայ դրամատուրգ Սառա Նալբանյանը, որը պիես է գրել «Պատերազմի խաղալիքները», ըստ մեր պատմությունների՝ Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան և ես: Հենց հունվարի 28-ին աշխատում ենք անել առաջին պրեմիերան»:

Որո՞նք են թատրոնի այս պահին ամենահրատապ խնդիրները․ «Ազատության» այս հարցին, Արման Նավասարդյանը պատասխանեց․ - «Ամենահրատապ խնդիրը՝ վերացնել այն թերությունները, որ հանդիսատեսի համար տհաճ են: Խոսքս բեմի հարդարանքն է, մեր պատառոտված կուլիսները․․․ դա իսկապես շատ սոսկալի բան է, երբ որ վարագույրը բացվում է, և մինչև դերասանը կհայտվի բեմում, ինչքան էլ հանճարեղ լինի դերասանը, միևնույն է, էդ կուլիսներից արդեն հանդիսատեսը կարող է հիասթափվել: Մենք ճեմասրահը և միջանցքը ուզում ենք վերանորոգել, գոնե կոսմետիկ»:

Անդրադառնալով թատրոնի ստեղծագործական ուղղվածությանը՝ նորանշանակ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց․ - «Պահելով մեր դիմագիծը, Համազգային թատրոնի, որը միշտ դերասանակենտրոն թատրոն է եղել՝ գալու են նոր պիեսներ, ժամանակակից պիեսներ, ժամանակակից դրամատուրգներ: Ծրագրերը շատ-շատ են, այսօր ժողով է լինելու դերասանների հետ, որ միասին հասկանանք մեր ճանապարհը: Ես միշտ նոր մոտեցմամբ թատրոն ստեղծելու գործով զբաղվել եմ: Մենք շատ ենք խաղալու: Մենք մեր ուժերը կենտրոնացնելու ենք մեր թատրոնում, և որպես տարածք լինելու է ոչ միայն բեմը, այլն նաև մենք ունենք այնտեղ ֆոյե, լինելու է և՛ թատրոն-կաֆե, և՛ ցուցահանդես-ներկայացում․․․ որովհետև 21-րդ դարում թատրոնը ամենուրեք է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG