Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկի պաշտոնում մտադիր են թեկնածու առաջադրել


Ազգային Ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը։

Թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ «Բարգավաճ Հայստանը» հայտարարում են՝ որպես 7-րդ գումարման ընդդիմադիր խմբակցություններ Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկի պաշտոնում մտադիր են թեկնածու առաջադրել: Սահմանադրությամբ խորհրդարանի 3 փոխնախագահներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմից:

«Լուսավոր Հայաստանի» փոխխոսնակի թեկնածուն սոցապ նախկին նախարար Մանե Թանդիլյանը կլինի, ԲՀԿ-ն դեռ քննարկում է՝ ում առաջադրել, բայց, ինչպես «Ազատությանը» փոխանցեց պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, թեկնածու հաստատ կունենան, անունը կհայտարարեն առաջիկա օրերին:

«Մեր խմբակցության շարքերում մի քանիսն են այն թեկնածուները, որոնք որ ըստ արժանվույն կարող են այդ գործառույթը իրականացնել։ Այս պահին չեմ կարող հնչեցնել առանձին անուններ, որովհետև մի քանիսն են թեկնածուները։ կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը», - նշեց Իվետա Տոնոյանը։

Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 132 հոգանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ 88-ը «Իմ քայլը» դաշինքինը կլինի, մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ 26 հոգանոց կունենա ԲՀԿ-ն: «Լուսավոր Հայաստանը»՝ ստացած 18 մանդատներով երրորդ՝ ամենափոքրը կլինի։ Թե՛ «Բարգավաճ Հայաստանի», թե՛ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին ընտրվելու համար, պարզ է, անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները։

«Չգիտեմ, թե ինչպիսի ընտրություն կկատարի «Իմ քայլը» խմբակցությունը։ Նախկինում նրանք նաև աշխատել են, «Ծառուկյան դաշինք» էր այն ժամանակ, և հետո բոլորս գիտենք ինչ ճանապարհ նրանք անցան: Այնուամենայնիվ, թեկնածության առաջարկը լինելու է, և հետևաբար նրանք պետք է կայացնեն որոշում։ Քաղաքական որոշման խնդիր է ավելի շատ այս պարագայում, այնուամենայնիվ, դա չի չեղարկում թեկնածուների պոտենցյալը բացահայտելու։ Ինչ վերաբերում է, որ հայտարարել են, թե առաջադրում են, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դա ընդդիմադիր թեկնածույի հնարավորոթյուն է և ամեն ընդդիմադիր խմբակցություն իրավունք ունի հայտարարելու։ Մեծ հաշվով վերջնական որոշումը իշխող խմբակցության կողմից է կայացվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծաթիվ մանդատների տիրապետում է «Իմ քայլը» խմբակցությունը», - ընդգծեց Մանե Թանդիլյանը։

«Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքից Ալեն Սիմոնյանն ասաց՝ թեկնածուները պաշտոնապես կառաջադրվեն, կքննարկեն, կհայտարարեն՝ ընդդիմադիրներից ում են աջակցելու։ «Կառաջնորդվենք ըստ այն տրամաբանության, թե որ իրավիճակը խորհրդարանին ավելի օգտակար կլինի, խորհրդարանի գործունեությունը էլ ավելի արհեստավարժ կսարքի։ Ես ճիշտ չեմ համարում որևէ կարծիք հայտնել, որովհետև ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ ես թիմի կարծիքն եմ ներկայացնում», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ եթե Դուք որոշում կայացնեիք Մանե Թանդիլյանի և ենթադրենք, Նաիրա Զոհրաբյանի միջև, ի՞նչ սկզբունքով կառաջնորդվեիք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինչի՞ Նաիրա Զոհրաբյանի, ինչո՞ւ ոչ էնֆիաջյանի, օրինակ կամ Միքայել Մելքումյանի։ Դրա համար խնդիր է, հիմա կոնկրետ պատասխանից ես խուսափում եմ ակնհայտ և ասում եմ, որ ես խուսափելու եմ, որովհետև չեմ ուզում իմ գործընկերներին նեղացնել, ուղղակի ինչ-որ կարծիք հնչեցնելով ինչ-որ բան թելադրել կամ ինչ-որ ձևավորել կարծիք»։

«Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, փոխխոսնակների՝ պատգամավորներ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ «Չնայած ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն տալիս է, ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի նախագահի, նաև մյուս երկու փոխնախագահների թեկնածուներ առաջադրելու ծրագրեր չունեն»,- «Ազատությանը» փոխանցեցին Իվետա Տոնոյանն ու Մանե Թանդիլյանը։

ԱԺ-ի ղեկավարությունը ընտրվելու է նորընտիր խորհրդարանի հենց առաջին նստաշրջանի ընթացքում՝ առաջին կամ երկրորդ նիստում: Հայտնի չէ, սակայն, թե նոր խորհրդարանն առաջին անգամ երբ կհավաքվի։ ԿԸՀ-ի նախագահը դեռ չի հայտարարել առաջին նիստի օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG