Երևանը որևէ բանակցություն չի վարում Հայաստանի տարածքում 3-րդ երկրի զինվորների տեղակայման մասին, այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է վերահաստատեմ, որ այդ լաբորատորիաները Հայաստանինն են, պատկանում են Հայաստանին, վերահսկվում են մեր կողմից, այնտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ և դրանք ունեցել են, ունեն և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ», - ասաց Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունն արգելող փաստաթղթի մշակումը մոտենում է ավարտին:
Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջում տեղադրված սղագրությունից պարզ դարձավ, որ խոսքը վերաբերում է Հայաստանում ամերիկյան օժանդակությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներին:
«Այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է»
Անդրադառնալով զենքի վաճառքին՝ Նաղդալյանը նշեց՝ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեր ժողովրդի համար մահացու գործիք է։
«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես բարձր է գտնվում մեր օրակարգում: Դրա մասին վերջերս նաև բարձրաձայնել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ՝ նշելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան նաև ԵՀԿ մասնակից երկրների քաղաքականությունում։ Նախարարը նշել է, որ զենքի վաճառքը և մատակարարումը ուղղակիորեն նպաստում են դրա կիրառմանը և դրա սպառնալիքի կիրառման աճին և մասնակից պետություններ պետք է այս առումով վերանայեն իրենց գործելաոճը», - ասաց Նաղդալյանը՝ շարունակելով. - «ԱԳՆ-ն մշտապես իր օրակարգում է պահում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման օրակարգը, քանի որ սպառազինությունների մրցավազքը ուղղակիորեն հանգեցնում է անկայունության աճին»։