Մատչելիության հղումներ

Փաշինյան․ ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչքան մեր կառավարությունը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Դիլիջանի քոլեջ, որտեղ անցկացվում է «ՆերՈւժ» ծրագիրը։

Մինչև ծրագրի մասնակիցների հետ հանդիպումը վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց նաև լրագրողների հանրցերին։

Մասնավորապես, «Ազատության» դիտարկմանը, որ Բակո Սահակյանի հետ իր ունեցած հանդիպումից հետո Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը թողեց պաշտոնը, և հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում այդ հարցը քննարկվել է, և ինչ գնահատական կտա հնչող քննադատությանը, թե Լևոն Մնացականյանի հեռացումը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. - «Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը Ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտեք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև ովքե՞ր են նշանակվել։ Նոր երկու նշանակումները՝ պաշտպանության բանակի հնաբնակները, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում աշխատել են, ծառայել են զինված ուժերում և արցախյան ազատամարտի ակունքներում են գտնվում այդ մարդիկ»։

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ կարողացել են ընդհանուր համաձայնության գալ վերջին հանդիպման մասով: Այս հայտարարությանը արտաքին գործերի նախարարությունից արդեն արձագանք եղել էր․ - «Ինձ անկեղծ ասած զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածը այն է, որ այստեղ ինչ-որ դավադրություն կա և այլն։ Երբ որ նրանք խոսում են, որ այ շանս է ստեղծվել Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ։ Իսկ ինչո՞ւ այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չի այնպիսի կանխավարկած, առնվազն Հայաստանի կառավարության տեսակետից, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել։ Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչքան մեր կառավարությունը»։

Փաշինյանը անդրադարձավ նաև ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կալանավորմանը։

Նիկոլ Փաշինյանը ևս, ինչպես Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Հայաստանում հայատարարությամբ ասել էր՝ հորդորեց չքաղաքականցնել այս հարցը, և խնդիրը դիտել բացառապես իրավական հարթությունում։ Նա նաև համաձայն չէր այն զուգահեռների հետ, որոնք տարվում էին այդ գործի և Ավետիսյանների սպանության գործի միջև։

Ավետիսյանների ընտանիքի սպանության համար դատապարտված Պերմյակովը ևս կալանավորված էր ռազմաբազայում։ Նա այժմ իր պատիժը կրում է Ռուսաստանի Դաշնությունում։

«Պրոցեսը, իմ կարծիքով, պետք չի քաղաքականացնել», - ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ ունեցած փակ հանդիպմանը, որի մանրամասները իր վերջին ասուլիսի ժամանակ հրապարակել էր նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Այդ հայտարարության մեջ մի քանի մանրամասներ էր տեղեկացրել հանդիպումից, անդրադարձել էր նաև Ադրբեջանին Բելառուսի կողմից վաճառված «Պոլոնեզ» համակարգին՝ նշելով, որ նույն համակարգը առաջարկվել է նաև հայկական կողմին։

Փաշինյանը նշեց, որ Լուկաշենկոն այդ հանդիպումից պատմել է միայն այն, ինչ-որ ասել է ինքը, սակայն Լուկաշենկոն իր խոսքի մեջ չի նշել, թե ինչ է պատասխանել իրեն Փաշինյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպումից բավականին բավարարված է, քանի որ կարծում է, որ ՀԱՊԿ ստեղծման առաջին օրվանից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ-ում բաց տեքստով խնդիրների մասին քննարկում է եղել․ - «Թույլ տվեք ասել, որ մենք մեր խնդիրը արդեն իսկ լուծել ենք, որովհետև ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունենում և տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման առաջին օրվանից ոչ մի անգամ այդպիսի լուրջ խոսակցություն տեղի չի ունեցել»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հարցերին, խոսեց նաև այդ շրյջանակներում կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունից։ Նշեց, որ որոշակի փոփոխություններ կլինեն, որոնք միտված են արդյունավետ կառավարմանը, այդ թվում, ամենայն հավանականությամբ, ինչպես տեղեկացրեց վարչապետի պաշտոնականտարը, նախատեսվում է Սփյուռքի նախարարության աշխատանքի ձևաչափի փոփոխություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG