Երեկ Պետական եկամուտների կոմիտեն երեկ ևս մեկ անգամ հորդորեց շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն հայտարարագրել սեփական եկամուտները և հարկեր վճարել:
Երգիչ Արսեն Գրիգորյանը հարկ վճարելուն դեմ չէ, սակայն կարծում է պետք է հաշվի առնել ոլորտի առանձնահատկությունները․ - «Եթե տասը միջոցառում ես երգում եմ ձրի, անվճար, հակառակը՝ ես իմ գրպանից եմ ծախսում: Եվ գալիս է մի մասնավոր միջոցառում, և վարձատրվում եմ: Ես ի՞նչ պետք է անեմ: Հարկե՞ր պետք է վճարեմ, ի՞նչ չափի պիտի վճարեմ․․․ երբ որ էդ տասը միջոցառումը ես ընդհանրապես գումար չեմ ստացել: Եվ ամիսներ կարող է ես գումար չստանամ»:
Դեռ սեպտեմբերին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց մշակույթի, շոու բիզնեսի ոլորտում աշխատողներին հարկելու անհրաժեշտության մասին:
Այսօր ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ թեմայի շուրջ ժամանակին քննարկումներ եղել են, նոր ասելիք չունեն:
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական աշխատած Արսեն Գրիգորյանը, սակայն, հավաստիացնում է, որ ո՛չ իրեն, ո՛չ իր գործընկերներին այս թեմայով քննարկման երբևէ չեն հրավիրել․ - «Չեն կարող հսկել: Մասնավոր իվենթները կամ մասնավոր լրագրողի աշխատանքը կամ մասնավոր բժշկի աշխատանքը չե՛ն կարող: Դրա համար պետք է ճիշտ էդպես անել, որ մարդն ինքը ուզենա: Ուզենալու համար պետք է քննարկել տվյալ մարդու հետ և ասել՝ եկեք մշակենք միասին»:
Թե ինչպես է պետությունն իրականացնելու մասնավոր միջոցառումների ժամանակ իրենց աշխատանքի վերահսկողությունը, չի պատկերացնում նաև հանդիսավար Լիանա Զուրաբյանը:
Կրկին ընդգծում է, որ հարկեր վճարելուն կողմ է, բայց խնդրում է հաշվի առնել իր առաջարկը․ - «Ցանկանում եմ իմանալ, թե ինչպես է տարածվելու, ինչպես է ազդելու սա, ինչպես են վերահսկելու հանդիսավարներին: Ես կարծում եմ, որ ճիշտը նա է, որ ունենանք մեր մշտական աշխատավայրը և, ասենք, մեր աշխատավարձից տանք հոնորար պետությանը»:
Հարսանիքների ու տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ ելույթ ունեցող երգիչ Արտաշ Ասատրյանն ուրախ է, որ պետությանը կարող է օգտակար լինել, բայց կրկին կա բայց․․․ սրտնեղած է իր ժանրի երգիչների նկատմամբ պետության ու հեռուստատեսության վերաբերմունքից․ - «Գնում ենք հեռուսատաընկերություն․․․ մեզ էդ ֆորմատի երգիչ չեն համարում: Օտարազգի երգիչների ավելի հեշտ, ավելի լավ տարածում են տալիս, իսկ մեր նման տղեքին, որ ազգի սիրված երգիչներ ենք, ծառաներ ենք, մեզի անտեսում են՝ չեն հեռարձակում, չեն բան անում․․․ սրանք ավելի ցավացնում ա: Եթե էդ հարցերը լուծեն, պատրաստ ենք կեսով կես էլ աշխատենք՝ ֆիֆթի-ֆիֆթի անենք»:
Ասատրյանն ընդգծում է, որ տարիներ շարունակ պետությունն անտեսել է իր ու իր նման բազմաթիվ երգիչների նկատմամբ ապօրինությունները․ - «Քսան, ավել տարիներ ա, մեր երգերը, մեր ամեն ինչը պետության աչքի առաջ գողացվում էր, մեր ձանյասկավառակները կոպիա էին անում․․․»:
ՊԵԿ հաղորդագրության մեջ թեև նշվում է, որ խնդրի լուծումը տեսնում են փոխըմբռնման ճանապարհով, սակայն, անկախ ոլորտի ներկայացուցիչների մտահգություններից և առաջարկներից, կարծում են, որ քննարկումների փուլն ավարտված է: Հարկվելու ժամանակն է:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:
Եղե՞լ են արդյոք այսպես կոչված «աստղեր», որոնք արդեն սկսել են հայտարարագրել իրենց եկամուտները․ ՊԵԿ-ից խոստացան հարցին պատասխանել 2019-ի հունվարին, երբ տարին ամփոփած կլինեն: