Մատչելիության հղումներ

Լոռու մարզի անօթևան մնացած 44 ընտանիք հաջորդ տարի տնակներից կտեղափոխվի նորակառույց տներ


Պետական բյուջեից հատկացված 458 միլիոն դրամով ավարտին կհասցվեն կիսակառույց տները, որոնք դեռ տասը տարի առաջ կառուցելու պարտավորություն էր ստանձնել «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունն ու այդպես էլ մինչև վերջ չէր կատարել իր պարտավորությունները աղետից տուժածների և պետության նկատմամբ։

Սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ» ընկերության կիսատ թողած աշխատանքն ավարտին հասցնելու պատասխանատվություն է ստանձնել «Ֆուլլեր տնաշինական կենտրոնը»։ Այսօր շինարարական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պայմանագիր կնքեցին։

44 տները բնակության համար պատրաստ կլինեն հաջորդ տարվա աշնանը։ Երեք տուն կկառուցվի Գուգարքի տարածաշարջանի Լեռնապատ, մյուս 41 տները՝ Սպիտակի շրջակա 12 գյուղերում։

Պայմանագրի կողմ հանդիսացող պաշտոնյաները հավաստիացրին, որ տարիներ շարունակ ձյան ու անձրևի ազդեցությանը ենթարկված կիսակառույցներն ուսումնասիրել են և համոզվել, որ դրանք ամուր են, սեյսմիկ առումով որևէ խնդիր չունեն։

«Ընտրվել են են տները, որոնք որ ունեն ավելի բարձր պատրաստվածություն, այսինք էս գումարով ավելի շատ բնակարաններ կարող ենք հասցնել ավարտին։ Սկզբունքը դա է եղել։ Տներ կան 40, 50, 60 տոկոս, որոնք որ արդեն կառուցված են, դրանք ավարտին կհասցնենք, իսկ որակի շինարարության հետ կապված մեր վարչությունը նույնպես մարզպետարանի խիստ ռեժիմով պետք է այդ շինարարական աշխատանքներին հետևենք, նայենք, որպեսզի որևէ պրոբլեմ չունենանք», - նշեց Լոռու մարզպետը։

Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կա երկրաշարժի հետևանքով տուն կորցրած 345 ընտանիք՝ բոլորը գյուղական բնակավայրերում։ 44 ընտանիքի խնդիրը լուծելուց հետո դեռևս 301 ընտանիք կսպասի պետության աջակցությանը։

«Որևէ մեկը էս ցուցակում չի կարա խցկվի, որևէ մեկը չի կարա չգիտեմ կաշառքով մտնի էս ցուցակ կամ դուրս գա կամ բան։ Նման բան բացառվում է, ցուցակի հերթականությամբ գնալու ենք, էդ առումով հանգիստ եղեք։ Որևէ մեկի բարեկամը կամ ուրիշ տարբերակով էս ցուցակում չի կարա հայտնվի և չի կարա դուրս մնա», - ընդգծեց Ղուկասյանը։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հավաստիացրեց, որ 2019 թվականի պետական բյուջեով ևս հատկացումներ են նախատեսված աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերի համար և մինչև 2020 թվականը խնդիրն ամբողջապես լուծված կլինի։

«Ես վստահ եմ, որ ամեն տարի լինելու է մեծ հնարավորություն էս խնդիրները լուծելու համար, և մենք կարճ ժամանակ հետո այլևս էս խնդիրը էլ չենք ունենա, բայց էն, որ պետության համար 30 տարի առաջ տեղի ունեցած աղետները մենք էսօր դեռ էդ խնդիրների մասին ենք մտածում, դա, իհարկե, մի փոքր տարօրինակ է և ցավալի է», - ասաց նա»։

Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով նաև աղետի գոտու հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման, բնակարանների կառուցման և բաշխման պետական հանձնաժողովի անդամ է, շեշտեց, որ կառուցված տները շինարարական կազմակերպությունից կընդունվեն միայն աշխատանքը լիարժեք ավարտելուց հետո, - «Ավարտված շինարարության ընդունելությունը կկազմակերպվի միայն հետևյալ սխեմայով, որտեղ պարտադիր ներկա կլինի մարզպետարանի ներկայացուցիչը, համայնքի ղեկավարը, շահառու ընտանիքը, «Ֆուլլեր» տնաշինական կոմբինատը, և սա իրոք կլինի ավարտական ակտի կազմման նախադեպը, որը կկիրառվի հետայսու մարզում»:

Ավելի վաղ Լևոն Ասլանյանը «Ազատությանը» տված հարցազրույցում կասկածի տակ էր առել անցած առնվազն 10 տարիներին մարզում կատարված աղետի գոտու վերականգնման ծրագրերը, որոնց համար, ըստ նրա, բավարար գումար է հատկացվել, բայց գործն այդպես էլ ավարտին չի հասցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG