Մատչելիության հղումներ

Լիլիթ Մակունցը խմբակցության շատ լավ ղեկավար կարող է լինել․Սուրեն Պապիկյան


«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, 26-ը նոյեմբերի, 2018թ․
«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, 26-ը նոյեմբերի, 2018թ․

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության լավ ղեկավար կարող է լինել: Այս կարծիքին է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Նման քննարկում ունեցել ենք, որոշում չունենք՝ ինչպես բոլոր հարցերի մասով: Այնուամենայնիվ, քննարկում՝ այո, կա: Ես կարծում եմ, որ Լիլիթ Մակունցը խմբակցության շատ լավ ղեկավար կարող է լինել», - այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ նշեց Պապիկյանը:

Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարը դժվարացավ հայտնել՝ ինչ փոփոխություններ են սպասվում իր ենթակայությամբ գործող մարզպետարաններում, մարզպետները շարունակելո՞ւ են պաշտոնավարել, թե վերցնելու են մանդատները: Արտահերթ ընտրություններում բոլոր մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետի, առաջադրվել էին «Իմ քայլը» դաշինքից:

«Գիտենք ովքեր են ընտրվել ռեյտինգային ընտրակարգով, բայց մարզի ճակատագրի մասին դեռ քննարկում չենք ունեցել», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Սուրեն Պապիկյանն էլ է ընտրված պատգամավորների թվում: Դեռ հայտնի չէ՝ կվերանշանակվի նույն պաշտոնում, թե կանցնի օրենսդիր գործունեության: Ասաց՝ Կառավարությունն իրեն ավելի հոգեհարազատ է:

«Դա ևս վաղաժամ է ասել, այնուամենայնիվ՝ ես տրամադրված եմ աշխատել Կառավարությունում», - նշեց նա:

Գործադիրում մնացողների և Ազգային ժողով տեղափոխվողների հարցը թերևս կքննարկվի այսօր երեկոյան «Իմ քայլը» դաշինքի հրավիրած նիստում: Դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն «Ազատությանը» որոշ մանրամասներ հայտնեց:

«Ըստ էության ծանոթության հանդիպում է նաև, որպեսզի այն անձիք, ովքեր լինելու են Ազգային ժողովում, հասկանան ընդհանուր համակեցության կանոնները, միասին քննարկվեն, պատկերացում ունենա ողջ թիմը, թե ով ինչ է կատարելու Ազգային ժողովում», - ասաց Կոստանյանը:

Մինչ կորոշվի գործադիրի անդամների անելիքները, դաշինքի սկսնակ պատգամավորները այս օրերին խորհրդարանում, այսպես ասած, նախապատրաստական դասընթացներ են անցնում:

Ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանում կունենա 88 մանդատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG