Մատչելիության հղումներ

«Հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է». ՀՀ ԱԳՆ խոսնակ


Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են Հայաստանի արտգործնախարարության կողմից, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

«Մասնավորապես, [Միլանի] հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։ Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ», - ըստ արտգործնախարարության հաղորդագրության, ասել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ «անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն»:

Ըստ Նաղդալյանի, Մնացականյանը նաև հավելել է, որ «այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»:

«Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է», - նշել է Նաղդալյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ անդրադառնալով իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

«Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ, փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարևորը շոշափելի արդյունքների հասնելն է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ 2019-ի հունվարին կրկին հանդիպելու է Զոհրաբ Մնացականյանի հետ՝ քննարկելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG