ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով, այն, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Տավուշի մասն ընդգրկող որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է Պետական սահմանապահ ծառայության ուժերով որևէ կերպ չի կարող թուլացնել հայկական կողմի զգոնությունը։
Ինչպես հայտնում է «ԱզերԹաջ»-ը, 2018 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը հայտարարել է, որ, հաշվի առնելով ծառայության ներուժը, նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի մարտական հենակետերը: Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ ժամկետներում է դա արվելու:
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ այս թեմայի հետ կապված Պաշտպանության նախարարությունում ունեն տեղեկություն, որն այս պահին հրապարակման ենթակա չէ. - «Այն ինֆորմացիան, որը այս պահին մեր ձեռքի տակ կա, դեռ ենթակա չի հրապարակման»:
«Որևիցե կերպով դա մեր պաշտպանողականության վրա չի ազդելու: Մեր ծառայությունը շարունակում է նույն բովանդակությամբ, նույն կարգով, նույն հաճախականությամբ տարվել: Եվ ցանկացած ձևով իրավիճակի հսկողությունը հայկական ուժերի կողմում է շփման գծում: Որևիցե ձևով դա չի կարող ազդել մեր զգոնության, ծառայության կազմակերպման հետ կապված», - հավելեց փոխնախարարը:
Տավուշը հայկական կողմից Ադրբեջանի հետ ունեցած ամենաերկար ընդհանուր սահմանն է, և այնտեղի զորքերը պաշտոնական հաղորդագրությամբ որպես ռեզերվ ծառայեցնելու տեղեկությանը կասկածանքով են վերաբերվում հայաստանյան վերլուծաբանները՝ չբացառելով, որ Ղազախի հատվածը ներկայումս սպասարկող Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող 707-րդ մոտոհրաձգային բրիգադը և նույն բրիգադի հրետանային ուժերը կարող են տեղաշաժվել Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան․ - «Պարզ չէ դեռևս, թե այս զորքը ուր է ուղևորվելու: Փաստացի ամրապնդվում է պահուստային զորքը․․․ Թե որտեղ, ինչ շրջանում՝ ամենայն հավանականությամբ կարող է դիտվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանը»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի սահմաններին դեռևս որևէ տեղաշարժ չեն նկատել՝ միևնույն ժամանակ շեշտադրելով, որ չնայած հարաբերական հանգստությանը իրենք Ադրբեջանի հայտարարությունների չեն վստահում: Ասվածի ապացույցը նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունն է այն մասին, որ ադրբեջանական բանակի սպառազինությունը թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդի ցանկացած օբյեկտ, սակայն Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռքբերումը:
«Ադրբեջանը այն երկիրն է, որից մենք ամեն ինչ պետք է սպասենք ամենաանհարմար պահին: Դեռևս որևէ նման բան չկա, բայց մենք պիտի միշտ զգոն լինենք», - նշեց Բաբայանը:
Ըստ Տաթև Հայրապետյանի, սա Ադրբեջանի կողմից զորքերի վերախմբավորում է և ոչ թե կառուցողական քայլ, ինչպես կփորձի ներկայացնել պաշտոնական Բաքուն, նաև այն պատճառով, որ այն որևէ կերպ չի համաձայնեցվել Հայաստանի հետ որպես լարվածության թուլացմանը միտված համատեղ քայլ։
Ավելին, ըստ Հայրապետյանի, սա ավելի շուտ հայկական կողմի զգոնությունը շեղելու փորձ է․ - «Եթե նայենք Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների համատեքստում այս ամենը, ապա կտեսնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է թե՛ դիվանագիտական առումով, թե՛ ընդհանրապես հնչել որպես ավելի կառուցողական և փորձել հանդես գալ, որպես այդպիսի կողմ: Օրինակ, նույն Դուշանբեի պայմանավորվածությունների պահպանումը և այլն: Փորձում են քարոզչական տեսանկյունից, քարոզչական մամուլի միջոցով ներկայացնել որպես կարևոր զիջում, որը, իհարկե, միամտություն է այդպես կարծելը, որովհետև չկրակելը դա նախապայման է, որպեսզի բանակցային նորմալ գործընթաց ընթանա»: