Մատչելիության հղումներ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, հարուցվել է քրգործ․ ՔԿ


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։

2011-ի նոյեմբերից մինչև 2018 թվականի մայիսը ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանին այս պահին մեղադրանք առաջադրված չէ։ Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանության նախկին պետը իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով խոստացել է միջամտել և օգնել Երևան - Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը:

Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանապետը խոստացել է ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում գործող և նույն երթուղին իրականացնող անվճար ավտոբուսների համար, մինչդեռ «Քինգ դելյուքսին» աջակցել՝ անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:

Ըստ հաղորդագրության՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կանոնավոր փոխադրումներ են իրականացրել Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով: Դրանց սեփականատերը հաղորդում է ներկայացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել այս ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ, ապա սնանկացել: Արդյունքում հաղորդումը ներկայացրած սեփականատիրոջը պատկանող երկու ընկերությունները 2015 թվականին անցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ին:

«Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են ՀՀ իրավապահ համակարգը ներկայացնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- հայտնում է Քննչական կոմիտեն:

Մինչդեռ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Գասպարյանի անունից հայտարարում է, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված տեղեկություններն «ամողջությամբ սուտ են և զրպարտություն»։ Աթանեսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար։

«Դա կամ մի մեծ թյուրիմացություն է կամ պարզապես ակնհայտ սուտ մատնություն։ Մենք համոզված ենք, որ օբյեկտիվ քննությունը դա շատ արագ կպարզի։ Ես չեմ մեղադրում, որ Քննչական կոմիտեն է զբաղված անհեթեթությամբ և սադրանքներով կամ դրանք տարածելով։ Այդպես չէ։ Բնական է՝ Քննչական կոմիտեն դա տարածել է ունենալով որոշակի տվյալներ, որոնք կարող են լինել հաղորդման, բացատրության, նամակի, դիմումի, ցուցմունքի տեսքով։ Ես չգիտեմ՝ ով է նման տեղեկություններ տվել։ Պարոն Գասպարյանի խոսքը վերաբերում է այդ տեղեկություններին, մենք հակված չենք մտածելու, որ Քննչական կոմիտեն նպատակ ունի նման բաներ անել։ Մենք այդ տեղեկությունները համարում ենք սուտ և զրպարտություն»,- ասաց Աթանեսյանը:

Հարցին էլ, թե Գասպարայնը հերքո՞ւմ է իր կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրվագը, փաստաբանը պատասխանեց․ «Դուք մեղմ ասացիք, նման բան չի եղել և չի էլ կարող լինել»: Ըստ փաստաբանի՝ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG