Մատչելիության հղումներ

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը շարունակելու է հրատարակել մեծ գրողի անտիպները


Մարդը մի անգամ է ստեղծվում Աստծո կողմից և, ըստ էության, կարիք չունի երկրորդ անգամ գրականության և կամ արվեստների այլ տեսակների մեջ կրկնվելու: Ոչ մարդիկ, ոչ գործերը չեն կրկնվում: Հրանտ Մաթևոսյան

Կոմիտասի անվան Պանթեոնում, որտեղ հանգչում է Հրանտ Մաթևոսյանը, նրա ծննդյան և մահվան օրերին մեկ անգամ ևս նրա վիթխարի կերպարն է հառնում աչքիդ առաջ ու ակամայից մտածում ես, որ մեծ գրողի թողած գրական ժառանգությունը վերաիմաստավորման կարիք ունի ներկա և ապագա սերունդների կողմից:

Մեծ գրողի մահվանից հետո անցած 16 տարիների ընթացքում նրա թողած գրական ժառանգության նորանոր էջեր են բացվում ընթերցողի առաջ: «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը հրատարակում է մեծ գրողի անտիպները:

«Ազատության» հետ զրույցում գրողի որդին, հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ասաց․ - «Այս տարի գարնանը շնորհանդեսը արեցինք: Հեղափոխական թոհուբոհի պայմաններում մի քիչ աննկատ անցավ: Այս տարի կփորձենք գիրքը էլի մի քանի առիթներով շնորհանդեսել: Մաթևոսյանի անտիպներն են, երկհատորյակը, որ պարունակում է ստեղծագործություններ, որոնք ձեռագիր էին մնացել, կամ մեքենագիր ձեռագիր, կամ պարբերական մամուլում հրատարակվել էին և առանձին գրքով չէին հրատարակվել: Ընդհանուր առմամբ 1200 մեքենագիր էջ․․․ կարծում եմ, արխիվում դեռ մի էդքան էլ կա, գոնե դրա կեսի չափ ունենք: Հիմնական ջանադիր, ջանասեր չարչարվողը եղել է բանասիրական գիտությունների թեկնածու փոքր հորեղբայրս, օգնել են Վալերի Փիլոյանը, լուսահոգի Ֆելիքս Մելոյանը և Վերջինե Մովսիսյանը՝ մայրս, Մաթևոսյանի կինը»:

Հարցիս, թե ի վերջո, երբ դռները կբացի կառավարության որոշմամբ Աբովյան փողոցի վերնամասում՝ Աբովյան - Տերյան փողոցների միացման վայրում կառուցվող «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, որի կառուցումը դեռ անցյալ տարվա հոկտեմբերին պիտի ավարտված լիներ, Դավիթ Մաթևոսյանը պատասխանեց, թե դրա շուրջ առայժմ լռություն է տիրում․ - «Երրորդ հարկը կառուցված չէ, կահավորված չէ, էքսպոզիցիա չկա: Ով ամենակարևորն ու վտանգավորը՝ շենքը ոչ մեկի հաշվեկշռի վրա է և անտեր է մնացել: Մեկ միլիոն կապիտալ ներդրմամբ շենքը, պետության ներդրմամբ շենքը հիմա ոչ մեկի բալանսի վրա չի, ինչի վերաբերյալ արդեն վեց պաշտոնական գրությամբ, բազմաթիվ հեռախոսազանգերով ահազանգել եմ: Փաստացի մեր հիմնադրամն է ծախսերը հոգում հիմա՝ կոմունալ ծախսերը․․․ 2020-ին, հիշեցնում եմ, Մաթևոսյանի հոբելյանն է, ու բազմաթիվ ծրագրեր, բազմաթիվ անելիքներ․․․»

Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ կառավարության որոշակի ստորաբաժանումներ չեն կարողանում հետևել տեղի ունեցողին․ - «Ինձ անընդհատ հորդորում են՝ դիմիր վարչապետին: Ես էլ ասում եմ՝ ոչ, իշխանության ուղղահայացը պիտի աշխատի, որովհետև վարչապետը մինիմենեջմենթի, միկրոմենեջմենթի մասնագետ չէ, որ ամեն մասնավոր հարցով անձամբ ինքը զբաղվի: Աշխատավարձ ստացող մարդիկ կան՝ նախարարներ, փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավարներ և այլն․․․ պարտավոր են աշխատել: Ես, այո, վարչապետին ճանաչում եմ, այո, լավ եմ ճանաչում, այո, կարող եմ դիմել: Չեմ դիմելու: Պաշտոնապես հայտարարում եմ՝ չեմ դիմելու: Եվ ոչ էլ շանտաժի քայլերի եմ դիմելու, ինչպես հիմա շատ մոդայիկ է և տարածված․․․ ես չեմ անելու էդպես: Որովհետև ես համարում եմ, որ անհեթեթ է էս վիճակը: Ի վերջո պետք է ի պաշտոնե ուշքի գան, և էդ հարցը լուծվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG