Ժնևում այսօր մեկնարկել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Սիրիայի հարցով:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նախարարներ Մևլյութ Չավուշօղլուն, Սերգեյ Լավրովն ու Մուհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում:
Քննարկումից առաջ, լրագրողների հետ զրույցում, նախարար Զարիֆը նշել է, թե դրական արդյունք է ակնկալում հանդիպումից:
Հայտնի է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի նախագահած հանդիպման ժամանակ կողմերը կհայտարարեն սահմանադրական հանձնաժողովի ստեղծման մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի թիվ 2254 բանաձևի համաձայն, քաղաքական անցումային փուլում նախատեսվել էր փոփոխել Սիրիայի սահմանադրությունը: Այս նպատակով ձևավորվելու էր 150 հոգուց բաղկացած սահմանադրական հանձնաժողով, որի մեջ ընդգրկվելու էին 50-ական ներկայացուցիչ Սիրիայի իշխանություններից, ընդդիմությունից, սիրիացի մտավորականության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները սիրիական հարցով քառակողմ հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել մինչև տարեվերջ ավարտել սահմանադրական հանձնաժողովի կազմավորման գործընթացը: