Երբ որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվեց, այն ժամանակ եղել է հստակ կազմակերպված աջակցություն Ռոբերտ Քոչարյանի կողմից, երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ մեկ անգամ ևս պնդեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Ազատություն». - Դուք ասում էիք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է այս կուսակցության հիմնադիրը։ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունում սա հերքվում է։ «Եթե Քոչարյանը որևէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն կլիներ Քոչարյանի կողքին` նրան սատարող որոշ քաղաքական ուժերի հետ», - ասված է ԲՀԿ-ի տարածած հայտարարությունում։
Մարուքյան. - Բոլորս գիտենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երբ որ հիմնադրվեց, այն ժամանակ եղել է հստակ կազմակերպված աջակցություն և միջամտություն նախագահականից՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կողմից, և ցուցակն է այնտեղ կազմվել։ Բազմաթիվ փաստարկներ կան մամուլում դրա հետ կապված, եթե ուզում են, թող այդ թերթերին ասեն՝ «հերքեք»։ Ես չեմ ընկնելու այդ դաշտ, թերթերից բաներ բերեմ։ Պարզ է, որ պետք է հերքեն։
«Ազատություն». - Պարոն Մարուքյան, Ձեզ ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն ասում է, որ «24 ժամ ունեք որոշելու՝ Ձեր ընտրած լրատվամիջոցում, Ձեր ընտրած հաղորդավարի մոտ կարող ենք բանավիճել»։
Մարուքյան. - Հարգելի Գևորգ Պետրոսյան, երևի Դուք խառնել եք կալիբրները, Դուք մոռացել եք, որ երկրորդ քաղաքական ուժի չգիտեմ որերորդ համարն եք և Դուք ուզում եք բանավիճել երրորդ քաղաքական ուժի առաջին համարի հետ։ Եթե ձեզանից մարդ կա, որ կարող է ինձ հետ բանավիճել, դա առաջին համարն է՝ Գագիկ Ծառուկյանը, եթե ուզում եք, պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած ժամի, ցանկացած ֆորմատով, կարող ենք շարունակել այն բանավեճը, որը կիսատ է մնացել։ Մի հատ հասկացեք, թե ում եք բանավեճի հրավիրել ու Ձեզ նայեք, տեսեք, Դուք էդ բանավեճի մակարդակի մեջ կա՞ք ու նոր բանավիճեք։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ
Օրերս ֆեյսբուքյան իր էջում Էդմոն Մարուքյանը հակադարձեց վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի թիմակիցների կողմից իր հասցեին հնչող վիրավորանքներին և մեղադրանքներին՝ շեշտելով, որ իրենց դեմ Գագիկ Ծառուկյանը պատերազմ է սկսկել Հանրայինի եթերում տեղի ունեցած բանավեճից հետո, մասնավորապես՝ իր այն հայտարարության համար, որ հին համակարգը հեղափոխությունից հետո քանդվել է, իսկ Ծառուկյանը՝ իր քաղաքական ուժով, հին համակարգի մի մասն է:
Շուրջ 40 րոպե տևողությամբ իր ելույթում Մարուքյանը Ծառուկյանին հիշեցրեց նրա քաղաքական անցյալը, որ նա, 2007 թվականից լինելով ներկայացվածությամբ երկրորդ ուժը խորհրդարանում, նախ ծառայել է Ռոբերտ Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանին: