Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժել է Քոչարյանի պահանջը՝ պարտադրել Փաշինյանին ներողություն խնդրել իրենից


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Վերաքննիչ դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ, 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանի կողմից ներկայացված բողոքը, որով նախկին նախագահը դատարանին խնդրում էր պարտադրել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, միևնույն ժամանակ՝ մինչև «Մարտի 1»-ի գործի քննության ավարտը արգելել Փաշինյանին հրապարակայնորեն մեկնաբանել Քոչարյանի վերաբերյալ քրեական գործերի հետ կապված հանգամանքները։

Ռոբերտ Քոչարյանի կողմը հայցում պնդել էր, որ դատարանը վարչապետի պաշտոնակատարին պետք է պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. - «... Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած ...»։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Դատարանը գտել է, որ պատասխանող կողմը, այսինքն՝ Փաշինյանը, լիարժեքորեն օգտվում է Եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքից, և որ բողոք բերած անձի պնդումները հիմնավորված չեն։

Նախկին նախագահի պաշտպանական կողմի կարծիքով՝ ներկա պահին Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, և վարչապետի խոսքը կարող է էականորեն ազդել նշված գործի ընթացքի վրա ու առաջացնել անմեղության կանխավարկածի խախտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG