Երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում Էդմոն Մարուքյանը հակադարձեց վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի թիմակիցների կողմից իր հասցեին հնչող վիրավորանքներին և մեղադրանքներին՝ շեշտելով, որ իրենց դեմ Գագիկ Ծառուկյանը պատերազմ է սկսկել Հանրայինի եթերում տեղի ունեցած բանավեճից հետո, մասնավորապես՝ իր այն հայտարարության համար, որ հին համակարգը հեղափոխությունից հետո քանդվել է, իսկ Ծառուկյանը՝ իր քաղաքական ուժով, հին համակարգի մի մասն է:
Շուրջ 40 րոպե տևողությամբ իր ելույթում Մարուքյանը Ծառուկյանին հիշեցրեց նրա քաղաքական անցյալը, որ նա, 2007 թվականից լինելով ներկայացվածությամբ երկրորդ ուժը խորհրդարանում, նախ ծառայել է Ռոբերտ Քոչարյանին, ապա Սերժ Սարգսյանին:
«Պատերա՞զմ եք մեզ հայտարարել: Լո՞ւրջ եք ասում: Ախր մոռացել եք, որ մենք ո՜վ, դուք ո՜վ․․․ կմաշենք ձեզ: 2007 թվականից կա՛մ կոալիցիայի մեջ եք, կա՛մ էլ ընդդիմություն: Որպես իշխանություն ոչ մի բան չեք արել: Ռոբերտ Քոչարյանին եք ծառայել մինչև էդ, հետո Սերժ Սարգսյանին եք ծառայել, հետո Սերժ Սարգսյանին եք ծառայել՝ որպես ընդդիմություն: Ու հիմա դուրս եք էկել, ասում եք՝ ա՜, «Լուսավորը» կեղծ ընդդիմություն ա․․․ մե՞զ եք ասում: Ապրիլի 17-ին Դուք ո՞ւր էիք, երբ որ Սերժ Սարգսյանը էկել էր երրորդ ժամկետով ընտրվելու: Դուք չէիք եկել, չէ՞, նիստին, վախեցե՞լ էիք գալ․․․ Ձեր ֆրակցիայի կեսին էլ ասել էիք՝ կողմ կքվեարկեք Սերժ Սարգսյանին: Էդքան տարի ծառայել եք էդ համակարգին: Դրա արդյունքում, միանշանակ, կարանք հայտարարագրերով Ձեր նայենք, հարստացել եք: Հարստացել եք: Որի մեջ բազմաթիվ ճեղքեր կան՝ ոնց, ինչ, գազի համակարգը», - հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը:
Ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստանի» մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ նշվում է, թե այդ Էդմոն Մարուքյանն է քանիցս կողմ քվեարկել և պաշտպանել նախագահ Սերժ Սարգսյանի կառավարությունների ծրագրերը։ «Հիմա ո՞վ է նախկին իշխանությունների հետ համագործակցողը», - հարցնում են ԲՀԿ-ից՝ շեշտելով, թե կուսակցության հիմնադիրը ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է, այլ Գագիկ Ծառուկյանը: Եթե Քոչարյանը որևէ կապ ունենար ԲՀԿ-ի հետ, ապա այսօր կուսակցությունը կլիներ Քոչարյանի կողքին։
Հիշեցնելով Գագիկ Ծառուկյանի անցյալը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ ԲՀԿ ղեկավարին հորդորում է իրենց վարկաբեկելու փոխարեն գնալ Հատուկ քննչական ծառայություն և «Մարտի 1-ի» գործով ցուցմունք տալ․ - «Երբ որ փաստահավաք խումբը փաստաթուղթ ունի, որ ֆորմաներ եք ստացել, անուն-ազգանունով գրած, թե ֆորման ով ա ստացել: Թերթերում տպվել ա և այլն, և այլն: Փոխանակ ասեք՝ Հատուկ քննչական ծառայությունը թող ինձ կանչի, գնամ ցուցմունք տամ, պատմեմ ոնց եմ ֆորմաները ստացել, ինչ եմ արել և այլն․․․ Դեբատից դժգո՞հ է, արի գնանք մի հատ էլ դեբատի իրար հետ․․․ մի հատ էլ եթերում պատմիեք թե մարտի 1-ին ինչ ֆորմաներ եք ստացել երեք հարյուր քանի հատ», - ասաց Մարուքյանը:
ԲՀԿ-ից հակադարձում են, թե այս պահին ընթանում է ակտիվ քննություն, նոր Հայաստանում որևէ ճնշում չի կարող լինել իրավապահների վրա: Եվ վստահ են, որ Մարտի 1-ի գործով ճշմարտության բացահայտումը սարերի հետևում չէ․ - «Հույս ունենք, որ ճշմարտության բացահայտումը սարերի հետևում չէ, ինչից հետո բոլոր չարախոսները, այդ թվում Մարուքյանը, կունենան այնքան արժանապատվություն, որ ընդամենը ներողություն կխնդրեն»:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբույքան իր էջում անդրադարձել էր նաև Ծառուկյանի օլիգարխ լինելու խնդրին՝ պնդելով, թե որքան էլ փորձեն համոզել, որ ԲՀԿ ղեկավարը խոշոր սեփականատեր է, իր համոզմամբ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է:
«Կազինոն և քաղաքականությունը անահամատեղելի են», - հայտարարեց նա: - «Նոր Հայաստանում, երբ որ բիզնեսմենները դուրս են էկել քաղաքականությունից: Սամվել Ալեքսանյանը, էն մյուսները դուրս են էկել, գնացել են: Դուք ինչի՞ եք էկել, կարո՞ղ ա էդ մարդիկ չեն կարա կուսակցության բացեն»:
Էդմոն Մարուքյանը զգուշացրեց Գագիկ Ծառուկյանին՝ իր միջամտությամբ նրա արտասահմանյան ներդրումները կարող են կասկածի տակ դրվել․ - «Իրեք հատ նամակ իրեք երկիր ուղարկեմ, սաղ կխառնվի իրար, կսկսեն Ձեր ֆինանսական միջոցները ստուգել: Ու պետք ա անենք․․․ ստիպված ենք: Որովհետև Դուք ոչ մեկից լավը չեք: Նրանք, ովքեր էսօր Հայաստանում փող են տալիս, Դուք նրանցից լավը չեք: Էդ Արմեն Ավետիսյանը «Գոլդեն Փելեսը» կտա պետությանը, Դուք բան չունե՞ք տալու»:
ԲՀԿ-ից, ի պատասխան, նշում են․ - «Պարոն Մարուքյան, օլիգարխը նա է, որ պետական կառավարման ոլորտում ունեցած իր պաշտոնը օգտագործում է իր բիզնես շահերի համար։ Գագիկ Ծառուկյանը երբևէ պետական որևէ պաշտոն չի զբաղեցրել և դուք չեք կարող բերել որևէ դեպք, երբ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կապիտալը ծառայեցվել է որևէ բիզնես նպատակի»:
ԲՀԿ հայտարարության մեջ շեշտվում է, թե «Ծառուկյանի հարստության կուտակման մեջ որևէ ճեղք չկա»․ - «Ծառուկյանի կապիտալը՝ առաջին լումայից մինչև վերջինը, պարզ ու թափանցիկ է եղել»:
Նշենք, որ Էդմոն Մարուքյանը երեկ անդրադարձել էր նաև իրեն պատգամավորական մանդատից զրկելու մասին «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր ընտրված Վահե Էնֆիաջյանի գրառմանը: Էնֆիջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Մարուքյանը Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ կեղծ փաստաղթեր է ներկայացրել ոստիկանությանը՝ կատարելով քրեական հանցագործություն, և հետևաբար պետք է պաատասխանատվության ենթարկվի: ԲՀԿ-ական պատգամավորը Մարուքյանին որակել էր հանցագործ ՝ շեշտելով, թե նրանից պետք է մաքրել քաղաքակն դաշտը, ինչը և անելու են:
Մարուքյանը կրկին հակադարձեց Գագիկ Ծառուկյանին՝ իրեն մանդատից զրկել չի կարող և հիշեցրեց, որ ժամանակին հենց Ծառուկյանը պետք է զրկվեր մանդատից, քանի որ մշտապես բացակայել է ԱԺ նիստերից․ - «Խորհրդարանի նիստերից այնքան էիք բացակայել անհարգելի, որ Ձեր մանդատը վաղուց պետք ա դադարեր: Բայց Սերժ Սարգսյանը շատ բարի էր Ձեր նկատմամբ: Պարզ ա, թե ինչի էր բարի: Նոր Հայաստանում չի լինելու տենց բան․ ամեն նիստին հարցնելու են՝ բա ո՞ւր ա Գագիկ Ծառուկյանը»:
Էդմոն Մարուքյանը նաև հայտարարեց, որ իրեն Ծառուկյանը սպառնում է՝ ասելով, թե միևնույն է չի վախենալու: Ավելին, հիշեցրեց Ծառուկյանի ներկայությամբ Օլիմպավանում տեղի ունեցած ծեծի դեպքի մասին, որի շրջանակներում ԲՀԿ-ից պատգամավոր ընտրված Էդուարդ Բաբայանին մեղադրանք է ներկայացված․ - «Ինձ սպառնո՞ւմ եք․․ որ չեմ կարա ցերեկները ման գամ, գիշերները պտի ման գամ: Ի՞նձ եք սպառնում: Էն մարդուն, էն որ ծեծեցիք կաբինետում ու պատասխանատվության չեք ենթարկվել, է՞դ եք հիշացնում, թե՞ ուրիշ բան կա»:
Ի պատասխան Մարուքյանի այս հայտարարությանը՝ ԲՀԿ-ից հակադարձում են․ - «Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ ընդհանրապես նկատի։ Միգուցե դա ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան, և դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ: Ձեր հույսերը զուր են»:
Նոր խորհրդարանում մեծությամբ 3֊րդ ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նաև անդրադարձել էր ԲՀԿ-ական պատգամավորների այն գրառումներին, թե ԼՀԿ-ին հովանավորել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Մքայել Մինասյանը:
Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորները՝ Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, իրենց գրառումներում պահանջել էին քրեական պատասխանատվության ենթարկել նաև Մինասյանին՝ նրան անվանելով «տնտեսական մարոդյոռ»:
Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ ասաց․ - «Գրել են՝ Միշիկը օգնել ա իրանց, սրանք Միշիկի մարդիկ են, Միշիկը չգիտեմ ինչ, էսիմ ինչ․․․ Ուրեմն լսե՛ք՝ ո՛չ Միշիկը, ո՛չ Սաշիկը, ո՛չ Սերժիկը, ո՛չ Ռոբիկը, ո՛չ էլ չգիտեմ ինչը, ոչ ոք մեզ չի օգնում ու չի օգնել ու չի էլ կարա օգնի»:
Ի դեպ, ԲՀԿ հայտարարության մեջ Միքայել Մինասյանի մասին որևէ հիշատակում չկա։