Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմությունը վրաններ տեղադրեց Թբիլիսիի կենտրոնում


Վրաստան - Ընդդիմության դեկտեմբերի 15-ի բողոքի ցույցը
Վրաստան - Ընդդիմության դեկտեմբերի 15-ի բողոքի ցույցը

Վրաստանյան ընդդիմությունը երեկ ուշ երեկոյան վրաններ տեղադրեց Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելու պողտայում, սպառնալով շարունակական ցույցեր սկսել նախագահական վերջին ընտրությունները չեղարկելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով:

Արտերկրից Ֆեյսբուքով դիմելով աջակիցներին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց՝ իշխանությունները կեղծել են ընտրություններն ու ժողովրդին զրկել ձայնի իրավունքից: «Վրաստանը Մուգաբեի ժամանակների Զիմբաբվեն չէ, ոչ էլ Խորհրդային Միությունը կամ Թուրքմենստանը», - ընդգծում էր Սաակաշվիլին, հավելելով՝ եկել է ժամանակը, որ ողջ Վրաստանը ոտքի կանգնի ապօրինությունների դեմ:

«Այսօր ամենակարևորը ընդդիմության միասնականությունն է: Յուրաքանչյուր ոք, եթե կարող է, պետք է շրջաններից Թբիլիսի գա, քանի որ բոլորից են գողացել ընտրությունները, բոլորին են զրկել սեփական երկրի ճակատագիրը որոշելու իրավունքից: Ուզում եմ խնդրել տաքսու վարորդներին՝ անվճար տեղափոխեք այդ մարդկանց: Դա կլինի ձե՛ր ներդրումը Վրաստանի փրկության գործում», - ասում էր նա:

Սաակաշվիլիի կոչից ժամեր առաջ Թբիլիսիից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թելավի քաղաքում կայացել էր նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Ստանձնելով պաշտոնը 18-րդ դարում կառուցված թագավորական նստավայրում՝ Վրաստանի առաջին կին նախագահը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, խոստացել էր լինել բոլոր վրացիների, այդ թվում՝ ընդդիմախոսների ներկայացուցիչը:

«Մենք շատ երկար տարիներ ենք կորցրել քաղաքական դիմակայության վրա, և ես, որպես նախագահ, օրինակ կծառայեմ մեր քաղաքացիներին և կփորձեմ համոզել, որ Վրաստանի զարգացման համար անհրաժեշտ է հասարակության համախմբվածությունն ու սթափությունը», - երեկ հայտարարում էր Զուրաբիշվիլին:

Ֆրանսիայում՝ քաղաքական միգրանտների ընտանիքում ծնված, ապա՝ նորանկախ Վրաստան տեղափոխված Զուրաբիշվիլին պնդում էր՝ այսօր բոլորը պետք է իրենց ջանքերը ներդնեն երկրի զարգացման գործում, որպեսզի Վրաստանը վերստին դառնա հզոր երկիր՝ վերականգնելով տարածաշրջանում ունեցած իր դերն ու կշիռը:

«Կարևորը՝ որ հավատաս ինքդ քո ուժերին և պատասխանատվություն ստանձնես քո ապագայի համար: Ես վերադարձա Վրաստան, քանի որ հավատացել եմ և հավատում եմ իմ երկրին: Անկախ, հզոր, ազատ, ժամանակակից, արժանապատիվ երկիր՝ սա է Վրաստանի ապագան», - հայտարարում էր Վրաստանի նախագահը:

Ընդդիմադիրները, մինչդեռ, չէին լսում համախմբման այս կոչերը, երդմնակալության արարողության ժամանակ նրանք պայքարում էին Թելավի հասնելու համար:

Նախագահական ընտրություններում Զուրաբիշվիլիի մրցակից, երկրորդ հորիզոնականում հայտնված Գրիգոլ Վաշաձեն վաղուց էր հայտարարել, որ Թելավի են գնում ոչ թե Զուրաբիշվիլիի հաղթանակը ողջունելու, այլ՝ բողոքի ցույց անցկացնելու: Ծրագիրը, սակայն, այդպես էլ իրականություն չդարձավ, ոստիկանները փակեցին Թելավի ուղևորվող ընդդիմադիրների ճանապարհը:

«Նրանք գողացան մեր պետականությունը, հետո՝ մեր ընրությունները, հիմա էլ զրկում են մեզ ազատ տեղաշարժի իրավունքից, մենք վերադառնում ենք 90-ականներ, և սա ուղղակի խայտառակություն է», - հայտարարում էր Գրիգոլ Վաշաձեն:

Ճանապարհի կեսից վերադառնալով Թբիլիսի՝ ընդդիմադիրները հավաքվեցին Ռուսթավելու պողոտայում՝ խոստանալով ավելի ուշ հրապարակել առաջիկա քայլերի հաջորդականությունն ու իշխանափոխության ճանապարհային քարտեզը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG