Մատչելիության հղումներ

Նկարիչների միությունը նոր նախագահ ունի


Հայաստանի նկարիչների միության համագումարը, Երևան, 15-ը դեկտեմբերի, 2018թ․
Հայաստանի նկարիչների միության համագումարը, Երևան, 15-ը դեկտեմբերի, 2018թ․

Այսօր Կինոգործիչների միության լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Նկարիչների միության 19-րդ համագումարը, որի օրակարգում էին միության նախագահի հաշվետու զեկուցումը, ելույթներ, միության նոր նախագահի և վարչության նոր կազմի ընտրություններ:

Միանգամից նշենք, որ ակնհայտ էր համագումարի մասնակիցների մեծ մասի անհանդուրժողականությունը միության ղեկավար Կարեն Աղամյանի անընդմեջ առաջադրման դեմ, նաև՝ վերջինիս ցանկությունը ոչ միայն կրկին առաջադրվելու, այլև միությունը կրկին ղեկավարելու:

Այս համագումարը պիտի վճռեր, թե ի վերջո միությունն արդեն 20 տարի ղեկավարող և կրկին՝ հինգերորդ անգամ առաջադրվող Կարեն Աղամյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞՝ ոչ:

Նկարիչների միությունը հազարից ավելի անդամ ունի, որոնց մի մասը Հայաստանում չի բնակվում, բայց համագումարը նախագահող Արամ Իսաբեկյանը հավաստիացրեց, որ քվորումը ապահովված է, և ուրեմն՝ համագումարը կարող է աշխատել:

Բացի Աղամյանի զեկույցից, բազմաթիվ քննադատական ելույթներ հնչեցին Կարեն Աղամյանի դեմ՝ մեղադրանքներ հնչեցին, որ նա մեկ տարի առաջ պիտի հրավիրած լիներ այս համագումարը, և արդեն իսկ այս տարի նրա պաշտոնավարելը ոչ լեգիտիմ է, այդ է եղել պատճառը, որ միության մի խումբ երիտասարդ անդամներ այս տարվա ամռանը, նրան մատնանշելով այս փաստը, առաջարկել են հեռանալ, բայց Աղամյանը չի համաձայնել: Այլ քննադատություններ էլ հնչեցին՝ կապված միության կանոնադրության հետ, որը, շատերի համոզմամբ, գաղտնի փոխվել է՝ առանց միության անդամների մեծ մասի գիտության:

Հասկանալի է, որ միության անդամների մեծ մասը միությունում լուրջ փոփոխությունների է ձգտում: Թե որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա համագումարի արդյունքը:

Բացի Կարեն Աղամյանից, այսօր առաջադրվեցին նաև Խաչիկ Աբրահամյանի, Հաղթանակ Շահումյանի և երիտասարդ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանի թեկնածությունները:

Հաղթանակ Շահումյանն իր ելույթում շեշտեց. - «Միությունը ժամանակին որ ստեղծվել է, ստեղծվել է, որպեսզի նպաստի հավաքական արվեստի, կերպարվեստի միջավայրում գործեր անելու, առաջընթացը ապահովելու համար, նկարիչների նաև և՛ սոցիալ, և՛ սոցիալ-տնտեսական և նաև այլ խնդիրներին՝ նաև իրավական, մասնակից դառնալու, աջակցելու համար։ Հիմա մեր միությունը ի վիճակի՞ է դա անել: Մենք միությանը կեղեքել ենք, արյունաքամ ենք արել՝ մեր աչքի առաջ, և մենք բոլորս մասնակից ենք դրան: Մենք մասնակից ենք, որովհետև ամեն համագումար մենք գալիս ենք ոչ թե միության և մեր ապագայի մասին հոգալու, այլ մտածում ենք՝ որ թայֆից, ում ընկերը, ով կդառնա միության նախագահ»։

Սուրեն Սաֆարյանին էլ, ի դեպ, աջակցում են ոչ միայն միության երիտասարդ ուժերը, այլև բոլոր նրանք, ովքեր հավատում են երիտասարդության հնարավորություններին և նոր մտածողությանը:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում Սուրեն Սաֆարյանն ընդգծում էր. - «Հիմա մեր խնդիրը նրանում է կայանում, որ ռադիկալ պետք է փոխվի ընդհանուր Նկարիչների միության գործելաոճը և գործելակերպը: Այսինքն՝ պետք է լինի հաշվետվությունների թափանցիկություն, այսինքն՝ ամբողջ Նկարիչների միության անդամները պետք է իմանան, թե ինչ է կատարվում Նկարիչների միությունում: Նկարիչների միության մուտքից սկսած պետք է փոխվի թե՛ տրամադրությունը, թե՛ ներքին հարդարանքը, թե՛ արտաքին: Պետք է սկսենք ապրել այն լավ, ջերմ ընտանիքի նման, որը ժամանակին եղել է, և մենք փորձում ենք դա ետ բերել»:

Համագումարը Նկարիչների միության նախագահ ընտրեց Սուրեն Սաֆարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG