Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմությունը կարող է հայկական կողմի շահերից բխող նշաձող սահմանել: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով բանակցությունները վերսկսելու շուրջ վերջին հայտարարություններին:
«Իսկ իրականում, ցավոք սրտի, այն իջեցվել է հենց նույն լեգիտիմության պակասի պատճառով նախկին իշխանությունների դեպքում, երբ արդեն կարող էր իսկապես խնդիրը գնալ, ասենք թե, «տարածքներ՝ խաղաղության կամ Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման դիմաց»՝ այս բանաձևի դեպքում: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը նախ, առաջին հերթին, պետք է այդ նշաձողը բարձրացնի», - ասաց Սաֆարյանը:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը անկեղծ մտադրություն ունի շարունակել բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ, երեկ էլ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «2019 թվականը նոր թափ կհաղորդի խնդրի կարգավորմանը»: Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ Թվիթերում գրել է․ - «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխանության ղեկը չփոխանցվեց այլ թեկնածուի և այն բարձր լեգիտիմությամբ ստանձնեց Փաշինյանը, Ռուսաստանն արդեն ստիպված է նախաձեռնել բանակցությունները վերսկսելու գործընթացը: «Ռուսաստանը, թերևս, միայնակ չի սկսի: Ռուսաստանը կսկսի նորից ֆորմալ առումով [ԵԱՀԿ] Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ՝ շարադրելու համար գաղափարը, ինչպես Լավրովն է նշում, բայց միառժամանակ հետո չի բացառված, որ ինքը հերթական անգամ փորձի տրանսֆորմացնի այն գաղափարը իր պլանին համահունչ, ինչպես որ դա արեց կազանյան հանդիպումից հետո՝ արդեն մուտացիայի ենթարկելով Մինսկի խմբի առաջարկները և դրանք վերաձևակերպելով որպես «Լավրովի պլան», որոնք միայն թվացյալ կարող էին նման լինել Կազանյան կամ անգամ Մադրիդյան առաջարկներին», - նշեց քաղաքագետը:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ նախկինում ռազմատենչ կոչեր ու հայտարարություններ անող Ադրբեջանի ղեկավարի նոր ոճով թվիթերյան գրառումը վկայում է այլ՝ հանգիստ մթնոլորտում բանակցությունները վերսկսելու նրա պատրաստակամության մասին:
«Ինձ համար դրական հանգամանք է այն, որ սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում, իրականացվում է, կողմերը հավատարիմ են ձեռք բերված թեև բանավոր, բայց համաձայնություններին: Կարծում եմ՝ հենց այդ հենքի վրա, նաև հաշվի առնելով այն գրառումները միկրոբլոգերում թվիթերյան, ցույց են տալիս, որ ռազմատենչ կոչերը, հայտարարությունները կարծես թե փոխարինվել են ավելի հանգիստ ոճի, և այս մթնոլորտում հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից «Լավրովյան պլանի» բացահայտմանը, ինչի մասին մինչ այդ խոսվում էր ոչ պաշտոնական մակարդակով, այն է՝ ազատագրված հինգ շրջանների հանձնումը խաղաղության դիմաց, Վլադիմիր Կարապետյանն ասաց․ - «Այդ ամենը վերաբերում է հին Հայաստանին, լեգիտիմություն չունեցող, «Մարտի 1» իրականացրած պաշտոնյայի ներգրավվածությանը բանակցություններում, և, համապատասխանաբար, իր կեցվածքը չէր կարող չկրել կնիքը այդ ոչ-լեգիտիմության: Նոր իշխանությունները նոր մանդատ ունեն, վստահությունը ունեն ժողովրդի, և այն, ինչ վերաբերել է Սերժ Սարգսյանի իշխանությանը կամ դրանից առաջ, չեմ կարծում, որ կարող է պատճենահանվել նաև այս իշխանության համար»: