Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուին


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Տաջիկստանի նախագահը պաշտպանել է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահ Էմոմալի Ռահմոնը երեկ ընդունել է Զասին, ով ներկայումս Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, և քննարկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակմանն ու կառույցի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

«Նախագահ Էմոմալի Ռահմոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բելառուսի առաջադրած թեկնածուին՝ այդ պատասխանատու պաշտոնում», - ասված է Տաջիկստանի նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ՝ շաբաթասկզբին, ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահն էր հրապարակավ աջակցություն հայտնել Զասի նշանակմանը, Բելառուսի նախագահն էլ հորդորել էր պաշտոնական Երևանին հետևել նրանց օրինակին:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդել է՝ հարցը պետք է որոշվի փոխհամաձայնությամբ, կառույցի պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG