Մատչելիության հղումներ

Լոռու համայնքները դեռ 400 միլիոն դրամից ավելի հարկեր ունեն հավաքագրելու


Լոռու մարզպետարանի շենքը Վանաձորում, արխիվ
Լոռու մարզպետարանի շենքը Վանաձորում, արխիվ

Լոռու մարզի համայնքները տարեվերջին դեռ ավելի քան 400 միլիոն դրամի հարկեր ունեն հավաքագրելու, ընդ որում՝ ամենաանպարտաճանաչ հարկատուներից մեկը մարզկենտրոն Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Լոռի» ճանապարհաշինական ընկերությունն է («Լոռի ՃՇՇ»):

17 տարի՝ մինչև 2016 թվականը մարզկենտրոնը ղեկավարած նախկին քաղաքապետի՝ հիմնականում Վանաձոր, Թումանյան և Նոր Խաչակապ համայնքներին ունեցած պարտքը տասնյակ միլիոնների է հասնում։ Թումանյանի համայնքապետ Լևոն Զավարյանը հարկերի ցածր հավաքագրումների հարցով Լոռու մարզպետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասաց՝ գործը դեռևս դատարան չեն հասցրել։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հորդորեց՝ մինչև տարեվերջ դիմել դատարան։

«Լավ հայտնի է մեր Դարբինյանների գործը` երկու միլիոն ու կես էլ նրանք են պարտք։ Ճիշտն ասած՝ ասում են «էս ամիս կտանք, պետբյուջեն մեզ փող ա պարտք, կտանք», դրա համար ձգձգել ենք», - ասաց Զավարյանը։

«Էս ամիս դատի եք տալիս», - արձագանքեց Ղուկասյանը:

Գործը դատարանի միջոցով գլուխ բերելու հորդորն ստացավ նաև Նոր Խաչակապի համայնքապետը։

«Միակ ելքը էդ ա։ Ասում եմ՝ կդատենք, բա՝ «չէ, մի բան կանենք»։ Ամենացավոտ հարցը ըտեղից ա ծագում», - նշեց Նոր Խաչակապի համայնքապետը։

Հարկերի վճարման ցուցանիշներով Լոռին 10 մարզերի մեջ 7-րդ, որոշ հարկատեսակների գծով՝ անգամ 8-րդ տեղում է։

Ձորագյուղ և Վահագնի համայնքներում մի քանի ամիս առաջ արտահերթ ընտրություններ տեղի ունեցան։ Համայնքապետերը հրաժարական էին տվել, քանի որ համարել էին, որ անհնար է հավաքագրել հարկերը։ Նույն ծանր խնդրի առաջ կանգնել են նաև համայնքների նորընտիր ղեկավարները՝ հարկերի հավաքագրման ցուցանիշը չի անցնում 50 տոկոսից։

Հարկատուների տվյալները ճշգրիտ չեն, հողերի չափագրումներն անիրական են, իսկ սեփականատերերից շատերն էլ արտերկրում են, պատճառաբանեցին համայնքների ղեկավարները։ «Հողի հարկի մոմենտով՝ Ռուսաստանում շատ-շատ են, էլի, չկան էդ մարդիկ: 4 միլիոն ա պարտքս՝ Ռուսաստաններում են, Ամերիկա են, Դանիա են, Հոլանդիա են, չկան, ես ի՞նչ անեմ», - ասաց նրանցից մեկը։

Լոռու մարզպետի համար, մինչդեռ, պատճառաբանություններն ընդունելի չեն։ Համայնքները հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներով չնչին բյուջե են ունենում, որի միջոցներով անհնար է նաև զարգացման ծրագրեր իրականացնել։ Մարզպետն զգուշացրեց, որ թերացող համայնքները կզրկվեն նաև պետական աջակցությունից։

«Հաջորդ տարի իրար հետ փոխհարաբերվելու ենք նաև էս ցուցանիշի հիման վրա։ Եթե դուք չեք կարողանում ձեր համայնքում ձեր գործերը կազմակերպել, ինչի՞ պետք ա մենք շահագրգռված լինենք, որ ձեր համայնքներում գան ձեր փոխարեն աշխատեն։ Չի լինելու նման բան», - հայտարարեց Անդրեյ Ղուկասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG