Մատչելիության հղումներ

Առաջիկա շաբաթավերջին նշվում են մի ամբողջ շարք հոբելյաններ


«Էդիտ Պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, արխիվ:
«Էդիտ Պրինտ» հրատարակչության հիմնադիր Մկրտիչ Կարապետյանը և Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, արխիվ:

Այսօր և վաղը մայրաքաղաքի տարբեր մշակութային կենտրոններում, իսկ վաղը նաև Վանաձորում հոբելյանական մի շարք իրադարձություններ են նշվում:

Խնկո-Ապոր մանկական գրադարանում այսօր միաժամանակ երեք հոբելյան էր նշվում՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակը, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի հիմնադրման 85-ամյակը և «Էդիտ Պրինտ» գրահրատարաչության հիմնադրման 25-ամյակը։

«Ազատության» հարցին, թե ինչու են մեկտեղել այս հոբելյանները՝ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի երկարամյա տնօրեն Ռուզան Տոնոյանը պատասխանեց․ - «Երեքս էլ գրքի հետ առնչվող կազմակերպություններ ենք․ մի կազմակերպությունը՝ լուսաբանող, հանրահռչակող, մեկը՝ հրատարակող, մյուսը՝ այս ամենը ընթերցողին հասցնող, մատուցող: Մենք ցանկացանք տարին էսպես ամփոփել: Ավելի լավ հարթակ ես դեռևս չեմ պատկերացնում գիրքը ընթերցողին․․․ սա լավագույն միջոցն է և՛ ծնողին, և՛ երեխային ներկայացնելու, թե տարվա ընթացքում ինչ նոր գրքեր են հրատարակվել»:

«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյան․ - «Արդեն 5-րդ տարին է, որ մենք իրականացնում ենք «Երևանյան բեսթսելլեր» նախագիծը, դրան զուգահեռ իրականացնում ենք «Նորամուտ» նախագիծը, դրան զուգահեռ ներկայացնում ենք նոր գրքերը, որոնք հրատարակվում են մեզանում: Կարծում եմ, որ գործով «Արմենպրեսը» ապացուցել է, որ գրքի և գրականության կողքին է: Եթե ուզում ենք ունենալ լավ, հետաքրքիր, կաղապարներից դուրս մտածող սերունդ, հենց մանկական գիրքը պետք է խրախուսենք»:

Ի դեպ, այսօր գրադարանում այս հոբելայանական իրադարձությունների կապակցությամբ նաև մանկական գրքի փառատոն է բացվել: «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, ի նշանավորումն այս հոբելյանական իրադարձությունների ոչ միայն մանկական, այլև իր ողջ ընտրանին է ներկայացրել ցուցահանդես-վաճառքի՝ 30 տոկոս զեղչով:

«Մենք էս փառատոնը որոշել էին անեմ մի օր, բայց այս փառատոնը կշարունակենք նաև շաբաթ օրը: Ընթերցողները շատ են, էկողները շատ են, հետաքրքրվողները իրոք շատ են»« - «Ազատության» հետ զրույցում ասաց հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը՝ հավելելով․ - «Հույս ունեմ, որ մեր նոր իշխանությունները ավելի շատ գրքին ուշադրություն կդարձնեն: Մեր վարչապետը գրքի մարդ ա»:

Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ նաև մեկ այլ հոբելյանական նախաձեռնություն՝ «Մարկոս Գրիգորյան․ Էրեբունիից Երևան» խորագրի ներքո հանդիսությամբ նշվեց Մարկոս Գրիգորյանի «Միջին արևելքի արվեստ» ցուցադրության նվիրաբերության 25-ամյա հոբելյանն ու Երևանի 2800-ամյա հոբելյանը:

Սփյուռքահայ անվանի արվեստագետ, նկարիչ, կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանը ճիշտ 25 տարի առաջ իր հավաքածուն նվիրաբերեց Հայաստանին: Հավաքածուն ներառում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ մ․թ․ա․ 4-րդ հազարմյակից մինչ 20-րդ դարի հայկական, արևելյան և եվրոպական մշակույթի բարձրաժեք նմուշներ: Հավաքածուն ներառում է նաև Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները՝ հողարվեստ, կերպարվեստ և գորգեր:

Վաղը Հովհաննես Շարամբեյանի ժողովրդական արվեստի թանգարանը կնշի հիմնադրման 40-ամյա հոբելյանը՝ «Թաքնված թանգարան 40» խորագրի ներքո: Հոբելյանական միջոցառումներ շրջանակներում կբացվի պրիմիտիվիստ նկարիչների աշխատանքների ցուցահանդես, տեղի կունենան համերգներ և տարազների ցուցադրություն:

Վաղը դեկտեմբերի 15-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում էլ կնշվի հայ ժամանակակից լավագույն բանաստեղծներից մեկի՝ Հրաչյա Սարուխանի ծննդյան 70-ամյա հոբելյանը: «Դրախտ և դժոխք» խորագրով հոբելյանական երեկոյի ռեժիսորն է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG