Մատչելիության հղումներ

Հաագայի բողոքական եկեղեցում, ուր պատսպարված է հայ ընտանիքը, Սուրբ Ծննդյան հրաշքի են սպասում


Հաագա են եկել հոգևորականներ Նիդերլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և իրար փոխարինելով եկեղեցու խորանի մոտ շարունակում են պատարագը:

Հաագայի բողոքական եկեղեցում, որտեղ ավելի քան վեց շաբաթ շարունակվող շուրջօրյա պատարագ մատուցելով փորձում են կանխել փախստական հայ ընտանիքի արտաքսման վտանգը, Սուրբ Ծննդյան հրաշքի են սպասում: Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ հոկտեմբերի վերջից Թամրազյանները՝ երեք երեխաների հետ, շարունակում են պատսպարվել եկեղեցում:

Նիդերլանդների օրենսդրությունը արգելում է իրավապահներին գործողություններ իրականացնել այն վայրերում, որտեղ տեղի է ունենում կրոնական ծես: Հաագա են եկել հոգևորականներ Նիդերլանդների տարբեր շրջաններից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և իրար փոխարինելով եկեղեցու խորանի մոտ՝ շարունակում են պատարագը:

«Նրանք աշխարհի տարբեր անկյուններից են, և դա շատ մեծ նշանակություն ունի մեր ընտանիքի համար՝ նրանք մեզ ուժ են տալիս», - Reuters-ի հետ զրույցում ասել է Թամրազյանների դուստր 21-ամյա Հայարփին: - «Ես իսկապես չգիտեմ, թե ինչպիսին կլինի արդյունքը, բայց հուսով եմ, որ կկարողանանք մնալ այստեղ, քանի որ սա մեր տունն է»:

Ընտանիքի հայրը՝ Սասունը, կնոջ և երեք երեխաների հետ Նիդերլանդներ է տեղափոխվել 2008 թվականին՝ իր քաղաքական հայացքների համար հետապնդումից խուսափելու համար: Նիդերլանդների իշխանությունը այժմ պնդում է, որ Հայաստանը անվտանգ երկիր է, և ընտանիքը կարող է անարգել հայրենիք վերադառնալ:

Reuters-ը հիշեցնում է, որ Նիդերլանդները 1960-ականներին և 1970-ականներին մեծ թվով աշխատանքային միգրանտների է ընդունել, սակայն այժմ միգրանտների նկատմամբ ամենակոշտ քաղաքականությունն ունեցող երկրներից է Եվրոպայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG