Ամբողջ աշխարհում իրենց մասնագիտական գործունեության պատճառով բանտում հայտնված լրագրողների թիվը այս տարի կրկին բարձր ցուցանիշ է գրանցել:
Ամերիկյան Լրագրողների պաշտպանության կոմիտեի հրապարակած տարեկան զեկույցի համաձայն, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում բանտարկված լրագրողների թիվը 251 է: Նրանց կեսից ավելին ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներ են, որոնք գտնվում են Թուրքիայի, Չինաստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի բանտերում:
Այս երկրների շարքում առաջատարը Թուրքիան է, որտեղ մամուլի ազատությունը տխուր վիճակում է: Թուրքիայում հակաիշխանական գործունեության մեղադրանքով առնվազն 68 լրագրող է բանտարկված: Չինաստանում անազատության մեջ գտնվող լրագրողների թիվը 47 է, Եգիպտոսում՝ 25, Սաուդյան Արաբիայում՝ առնվազն 16։
Անցյալ տարի ազատազրկված լրագրողների թիվը ռեկորդային մակարդակի էր հասել՝ կազմելով 272 մարդ։