Մատչելիության հղումներ

Կարեն Աբրահամյանը՝ ԼՂ պաշտպանության նոր նախարար, նաև այլ կադրային փոփոխություններ Արցախում


Արցախի կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախի կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի նախագահը ստորագրել է հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ:

Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնից ազատել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Նոր նախարարը գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն է․ մինչև այդ նշանակումը զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Մնացականյանն առանց պաշտոն չի մնացել․ նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Լևոն Մնացականյանը Ղարաբաղի պաշտպանության նախարար էր 2015-ի հունիսից, մինչև այդ 3 տարի եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը:

Թե ի՞նչն էր Պաշտպանության նախարարի պաշտոնանկության պատճառը, «Ազատության» հետ զրույցում այդպես էլ չհստակեցրեց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Ասաց, որ Մնացականյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն․ - «Հիմա ինքը ոչ պակաս կարևոր պաշտոն է զբաղեցնում, այսինքն Լևոն Մնացականյանը շարունակում է իր ծառայությունները մատուցել հայրենիքին: Նույն եռանդով, ինչպես նաև նախագահն է նշել, կշարունակի այդ կարևոր գործում անմնացորդ ծառայությունը հայրենիքին»:

«Ազատության» հարցին, թե ո՞րն էր կադրային այդ փոփոխության պատճառը, Դավիթ Բաբայանը արձագանքեց․ - «Հանգիստ պետք է վերաբերվել: Եղել է դիմում, և աշխատանքի փոփոխություն է տեղի ունեցել: Ման գալ ինտրիգներ, փորձել Մայր Հայաստանն ու Արցախը իրար հետ հակասությունների մեջ այդ ամենը տեսնել՝ ճիշտ չէ պարզապես»:

Մինչև Պաշտպանության նախարարի փոփոխության հրամանագրերը ստորագրելը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Երևանում հանդիպեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մասին լուրերը մի քանի օր է շրջանառվում են: Նա ղարաբաղցի այն պաշտոնյաների շարքում էր, որ քննադատեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը:

Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղից հնչող գնահատականներին կոշտ էր արձագանքել՝ հրապարակավ հորդորելով Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին:

Հարցին, թե պաշտոնանկության պատճառը կարո՞ղ էր հնչեցրած քննադատությունը լինել, Դավիթ Բաբայանը արձագանքեց․ - «Որևէ աժիոտաժ, որևէ շահարկում ճիշտ չէ: Եվ մեզ համար գերագույն արժեք է մեր միասնականությունը: Մայր Հայաստանը և Արցախը հակառակորդներ չեն․․․ դա թուրքերի և ադրբեջանցիների երազանքն է: Եվ մենք թույլ չենք տալու և՛ մեր գործով, և՛ նույնիսկ հայտարարություններով, որպեսզի նրանք ուրախանան»:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքով, նոր նախարար Կարեն Աբրահամյանը պաշտոնավարել է նաև Հայաստանի բանակում: Ծնունդով Հադրութից է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին:

Խանումյանն ասաց, որ զինվորականներից նրա մասին դրական կարծիքներ է լսել։ Պատգամավորը չի կարծում, թե Լևոն Մնացականյանը պաշտոնանկ արվեց կոնկրետ Սասուն Միքայելյանին քննադատելու համար: Բայց, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Մնացականյանը ժամանակ առ ժամանակ իրեն թույլ է տվել քաղաքական հայտարարություններ անել: Ուստի չբացառեց․ - «Հրապարակային դաշտում քաղաքական թեմաներով արտահայտվելիս Լևոն Մնացականյանի ակտիվության հետ կարող է կապված լինել: Լևոն Մնացականյանը արտահայտվել է նաև Հայաստանում քաղաքացիական անհնազանդության ժամանակ, թույլ է տվել անթույլատրելի արտահայտություններ բանակի հրամանատարի առումով: Նման բարձրաստիճան զինվորականների համար, որոնք փաստորեն բանակի կարծիքն են արտահայտում, նման արտահայտություններն անթույլատրելի են»:

Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին Արցախի հանրային հեռուստատեսության մի ռեպորտաժում սահմանային լարվածությունը Մնացականյանը կապել էր հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հետ՝ ասելով․ - «Կհորդորեի, որպեսզի այդ հրահրողները նման անկարգությունների, որպեսզի հետևություն անեին, իմանան, որ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում, և բոլորս պետք ա մեր ջանքերը ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքները ներկայացնել որպես իրականություն»:

Լևոն Մանցականյանից բացի, հայաստանյան մամուլը գրում էր նաև Ղարաբաղի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանի պաշտոնանկությունների մասին։ Նրանց պաշտոններից ազատելու մասին, սակայն, ոչինչ չի հաղորդվել:

«Եթե լինեն ինչ-որ հրամանագրեր՝ կապ չունի, դա գյուղատնտեսության ոլորտի հետ է կապված, թե անվտանգության, մենք դա տալիս ենք: Եթե չկան այդպիսի բաներ, մենք չենք տալիս», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG