Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը


Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Գևորգյանը հայտարարությամբ, այո, հանդես է եկել, ներկա պահին չեմ կարող ձեզ բովանդակությունը ամբողջությամբ վերարտադրել։ Նման հայտարարություններից ներկա պահին զերծ կմնանք։ Կախված դատական ակտի կայացումից, այդ հայտարարությամբ հանդես կգա Արմեն Գևորգյանը և բոլոր պարզաբանումները կտա», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Ըստ քննիչի, միջնորդության կալանքը որպես խափանման միջոց չընտրելու դեպքում Գևորգյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը: Պաշտպանը նշեց, որ իրենց կողմից առարկություններ են ներկայացվել քննիչի միջնորդության մեջ նշված այս հանգամանքների դեմ։

«Այդ փաստի մասին, որ նա որևէ գործողություններ չի կատարել վարույթ իրականացնող մարմնի տեսադաշտից դուրս գտնվելուն, վկայում է այն, որ նա այսօր ներկա է սույն դատական նիստին, մասնակցում է իր նկատմամբ կալանավորման միջնորդության քննարկմանը։ Այսինքն, փաստացի դա վկայում է նրա մասին, որ նա որևէ գործողություններ թաքնվելու ուղղությամբ չի կատարել», - ընդգծեց պաշտպանը։

Արմեն Գևորգյանը դատական նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. «Ոչինչ չեմ ասելու մինչև դատական նիստը չավարտվի։ Մեղադրանքին ծոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում և մնացած բոլոր պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո։

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մի շարք բարձր պաշտոններ զբաղեցրած Գևորգյանին 3 նոր մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապլմանն օժանդակելու հոդվածներով: ՀՔԾ-ն մեղադրանքները ներկայացրել էր դեկտեմբերի 11-ին։

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Քննչական գործողություններ մասին հարցերին պաշտպանը հրաժարվեց պատասխանել, իսկ «Ազատության» հարցին՝ Քոչարյանի հետ Արմեն Գևորգյանը որոշակի շփում, կապ ունեցե՞լ է՝ հաշվի առնելով, որ նույն գործով են անցնում, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց. - «Ոչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG