Մատչելիության հղումներ

Կրթության նախարար․ Որոշումները կայացվելու են ոչ թե հուզական, այլ իրավական դաշտում


10 օր շարունակված դասադուլը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հորդորին այսօր ականջալուր էին եղել Չարենցավանի թիվ 3 դպրոցի 821 աշակերտներից 250-ը:

Այս թվերն «Ազատությանը» փոխանցեց նորընտիր տնօրեն Աննա Բալյանը, ում դեմ էլ ուղղված է բողոքի ակցիան:

Հիմնականում ծնողներն ու աշակերտներն էին պահանջում, որ դպրոց վերադառնա 13 տարի դպրոցը ղեկավարած չընտրված տնօրենը:

Տնօրենի իր պարտականություններն այսօր ստանձնած Բալյանի խոսքով, երեխաներն ինքնակամ չեն դասադուլ կազմակերպել, այն ուղղորդված է եղել:

Այսօր իրերն էր հավաքում դպրոցի նախկին տնօպրեն Լուսինե Կարապետյանը, ում վերադարձն էին պահանջում երեկ դպրոցի բակում հավաքված ծնողները:

Աշխատանքից ազատման դիմում են գրել նաև դպրոցի 13 աշխատակցիներ, որոնք պետք է մակագրեր հենց Կարապետյանը: Սակայն նա ասաց․ - «Ես իրավունք չունեմ: Ես երեկ ժամը վեցն անց տասը գործից ազատվել եմ»:

Դպրոցի աշխատակիցների այդ դիմումները ստորագրված չեն, որովհետև ղեկավարը փոխվել է: Կստորագրի՞ դրանք նոր տնօրենը, թե՞ ոչ՝ պարզ կլինի նրանց վերջնական քննարկումներից հետո:

120 ծնող դիմում են գրել, որ իրենց երեխաներին ուրիշ դպրոց տեղափոխեն: Նորընտիր տնօրենն ասաց, որ նրանց մեծ մասն այսօր հետ են վերցրել իրենց դիմումները:

Մեր այցելության պահին նորընիր տնօրենը և մարզպետարանի աշխատակիցները հանդիպման էին հրավիրել մանկավարժներին: Հանդիպման ավարտին մանկավարժներից մի քանիսն ասացին, որ պատրաստ են աշխատել նորընտիր տնօրենի հետ, եթե նա կարողանա ապահովել արդեն երկու խմբի պառակտված աշխատակազմի համերաշխությունը:

«Եթե նոր տնօրենը կունենա իրավախախտում, մենք պատրաստ ենք դա բարձրաձայնել: Այնպես չի, որ հլու-հնազանդ, ստրկամիտ կարգավիճակով մենք ներկայանալու ենք դպրոց», -ասաց նրանցից մեկը:

Դպրոցի բակում հանդիպեցինք ծնողների ու աշակերտների, ովքեր այդուհանդերձ մտադրված են փոխել իրենց դպրոցը:

Դպրոցի տնօրենն ընտրվում է դպրոցի խորհրդի կողմի:

Վարչապետը երեկ նշեց, որ ընտրության օրինական լինելը ոչ ոք չի վիճարկել, հետևաբար ընտրության արդյունքները մնում են նույնը: Նաև ասաց, որ ինքը տնօրեն նշանակող չէ, ու չի կարող դա անել՝ օրենքը խախտելով:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությւնյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձել է այս հարցին․ - «Մենք ունենք նմանատիպ մի քանի օջախներ ամբողջ հանրապետությունով, և սրանք շատ հստակ մեսիջներ էին պետության կողմից և ինստիտուտների կողմից, որ որոշումները կայացվելու են ոչ թե հուզական դաշտում, այլ իրավական դաշտում»:

Օրվա երկրորդ կեսին ծնողների հետ հանդիպումից հետո տնօրենը «Ազատությանը» փոխանցեց՝ եկել ենք համաձայնության՝ վաղվանից բոլորը դասի կգնան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG