Մատչելիության հղումներ

Արդեն երկրորդ ընտրություններն են անցկացվում առանց ընտրակաշառքի․ ՀՀԿ պատգամավոր


Հայաստանում արդեն երկրորդ ընտրություններն են անցկացվում առանց ընտրակաշառքի․ «Ազատության» հետ զրույցում խոստովանում է նախկին իշխանություն Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Սա նրա արձանագրած միակ ձեռքբերումը չէ. - «Այս ընտրությունները ակնհայտորեն մի քանի բան արձանագրեցին, ձեռքբերում, ի դեպ։ Այն, որ արդեն երկրորդ ընտրությունն է անցկացվում առանց ընտրակաշառքի, այսինքն՝ ընտրակաշառքը գործոն չէ։ Սա շատ էական եմ համարում այս ընտրությունների համար։ Երկրորդ առանձնահատկությունը, ես կասեի, հետևյալն է, որ այս ընտրական գործընթացում և ապագա խորհրդարանում իրական տնտեսական իշխանության կրողները, այսինքն այն ընկերությունները, այն անհատները, որոնք տնտեսության մեջ ունեն վճռական դերակատարում, այսինքն ազդեցություն ունեին և կրում էին իրական իշխանություն, այդ կրողները այս ընտրական գործընթացում ուղղակի մասնակցություն չունեցան»։

Նորընտիր խորհրդարանում քաղաքական իշխանության տարանջատումը տնտեսական իշխանությունից, ըստ Խոսրով Հարությունյանի, արդեն իրողություն է․ միակ բացառությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:

«Սա էն դրականն է, որ մենք, երբ որ ասում էինք, որ պետք է քաղաքականությունը մենք տարանջատենք տնտեսական իշխանությունից, այս լուրջ քայլը կատարված է», - նշեց Հանրապետական խմբակցության պատգամավորը։

Ընտրողների 71 տոկոսի վստահությանն արժանանալը խիստ պարտավորեցնող է, հայտարարում է Խոսրով Հարությունյանն ու հնչեցնում իրեն մտահոգող հարցադրումը՝ արդյո՞ք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ի վիճակի են դիմակայել պետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:

Նախորդից որակապես տարբերվելու դեպքում միայն իր նշած անկաշառ ընտրությունները կբնութագրի պատմական: - «Այդ տեսանկյունից է շատ էական, և որ ասում եք պատմական, իրականում դա կդառնա պատմական, եթե այս ամենի արդյունքում պարզվի..., և շատ կուզենամ, որ դա այդպես լինի, ի դեպ։ Շատ կուզենամ, որ այդպես լինի, որ «Իմ քայլը» դաշինքը, որը մեծամասնություն է կազմում, այո, ունակ է սեփական քաղաքական կարողություններով դիմագրավելու հնարավոր ներքին և արտաքին մարտահրավերներն ու սպառնալիքները», - ընդգծեց Հարությունյանը։

Խորհրդարանից հեռացող Խոսրով Հարությունյանը արտահերթ ընտրություններում ընդգրված չէր ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Սա էլ օգնում է նրան ավելի անկաշկանդ խոսել Հանրապետականի իրական վարկանիշի մասին:

«Հանրապետական կուսակցության վարկանիշի անկումը աներկբա էր և ակնհայտ։ Երկրորդ՝ հանուն արդարության պետք է փաստել, և դա միայն ես չեմ փաստում։ Նույնիսկ Հանրապետական կուսակցության քաղաքական հակառակորդներն են փաստում, որ նախընտրական այս կարճ ժամանակահատվածում թերևս Հանրապետականը միակն էր, որ ամենակրեատիվ ընտրական գործընթաց, նախընտրական պրոցես կազմակերպեց և արդյունքում, ես կասեի, նույնիսկ մինուս վարկանիշից հասավ 4,07 տոկոս վարկանիշի», - նշեց Խոսրով Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG