Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազի գնի հարցը, սակայն պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ Բաղրամյան


!ներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան
!ներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ, Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայաստանին մատակարարվող ռուսաստանյան գազի գնի հարցը, սակայն պայմանավորվածության չեն հանգել:

Դիտարկմանը, որ գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, Բաղրամյանն արձագանքեց․ - «Պայմանագրի ավարտվելը տենց խնդիր չի, որովհետև ինքը կերկարաձգվի էնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն: Որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են: Քանի դեռ պայմանավորվածության չկա, կմնա այն, ինչ որ ունենք էսօր: Պայմանագիրը ավտոմատ երկարաձգվելու ա, նենց չի, որ հունվարից գազ չենք ստանալու: Գինը կլինի էն ժամանակ, երբ որ բանակցությունները կավարտվեն»:

Բաղրամյանն ասաց, որ թե բանակցությունները չավարտվեն մինչև հունվարի 1-ը, գործող գինը կպահպանվի:

Այն, որ Ռուսաստանում գազն ավելի էժան է, քան Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում, ուր չկան նավթի ու գազի պաշարներ, ինչպես, օրինակ, Բելառուսն է կամ Հայաստանը, դեկտեմբերի 6-ին կայացած ԵԱՏՄ սանկտպետերբուրգյան գագաթնաժողովում դարձավ քննարկման առարկա: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմելով Պուտինին՝ հայտարարեց, թե ռուսական գազի գինը Բելառուսի սահմանին արժե հազար խորանարդ մետրը 130 դոլար, մինչդեռ Բելառուսին սահմանակից Ռուսաստանի Սմոլենսկի նահանգում 70 դոլար: «Ինչպե՞ս մրցակցել»,- հարց բարձրացրեց Լուկաշենկոն:

Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազն ավելի թանկ է՝ 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Իսկ բնակարաններում մենք վճարում ենք մոտ երկու անգամ ավելի բարձր՝ 285 դոլար:

«Ազատության» հարցին, թե արդյոք չի ստացվում, որ հայաստանցի արտադրողները ոչ հավասար պայմաններում են, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց․ - «Նույն տիպի արտադրողներ են, ինչ որ Ռուսաստանում: Բնականաբար, իրանց մոտ ավելի գնային խնդիր կլինի էդ մասով: Դա այնքան տրիվիալ ա, որ պետք չի էդ հարցը տալ: Բայց եթե էդ արտադրողն ունի ավելի բարձր տեխնոլոգիաներով և ավելի արդյունավետ սարքավորումներ, այդտեղ արդեն պետք ա հաշվել և հասկանալ»:

«Ազատության» հաջորդ հարցին, թե արդյոք իրենք ռուսաստանցի գործընկերների առջև բարձրացնում են այն հարցը, որ երկրները նույն մաքսային դաշտում են, բայց ոչ հավասար պայմաններում, Բաղրամյանն արձագանքեց․ - «Մաքսային միության սահմաններում բոլոր մասնակիցները պետք է ստանան ոչ կտրական կոմունիկացիաներ այդ բնական մենաշնորհներին: Բնականաբար, եթե դու գտնվում ես էդ աղբյուրի կողքին և էդ ճանապարհը, որը ծախսվում ա էդ գնի ձևավորման վրա, պետք ա ավելանա: Դրա համար այլ լուծումներ պետք ա գտնես քո տեխնոլոգիաների և այլնի զարգացման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG