Մատչելիության հղումներ

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է հայաստանյան ընտրություններին


Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը թուրքական առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:

Թուրքական բազմաթիվ կայքեր անդրադարձել են անցած կիրակի Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, դրանց նախորդող ներքաղաքական զարգգացումներին՝ ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանի կերպարին և նրա անցած քաղաքական ուղուն:

Թուրքական մի շարք պարբերականների թղթակիցներ գործուղվել են Երևան ու, տեղում հետևելով ընտրությունների ընթացքին, իրենց դիտարկումները ներկայացրել հոդվածների տեսքով:

«Անադոլու» գործակալությունից Թուղրուլ Չամը «Հայաստանում ուժերը ամրապնդող անունը. Փաշինյան» վերնագրով հոդվածում ընթերցողների է ներկայացնում վերջին կես տարվա հայաստանյան ներքաղաքական խմորումները, դրանց հանգեցրած պատճառները, գարնանը տեղի ունեցած համաժողովրդական շարժման ընթացքը, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կենսագրությունն ու անցած ճանապարհը՝ լրագրողից մինչև վարչապետ: Հոդվածագիրը նաև փորձում է հասկանալ Փաշինյանի որդեգրած գաղափարախոսությունը՝ գրելով, թե մի շարք քաղաքագետներ ու վերլուծաբաններ նրան լիբերալ են համարում, սակայն նա զերծ չի նաև ձախակողմյան ու ազգայնական հռետորաբանությունից:

«Ինքը՝ Փաշինյանը իրեն ոչ մի գաղափարախոսության կրող էլ չի համարում», - նշում է Չամը:

Հոդվածում անդրադարձ կա նաև Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներին, արտաքինքաղաքական տեսլականներին, Լեռնային Ղարաբայի խնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ մոտեցումներին:

«Հյուրիյեթ» պարբերականից Սեդաթ Էրգինը «Երևանյան տպավորություններ. արդյո՞ք լրագրողից վարչապետ կստացվի» հոդվածում բավական դրական գծերով է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին:

Խոսելով նրա քաղաքական անցյալի մասին` հոդվածի հեղինակը անդրադառնում է նաև լրագրող Փաշինյանի գործունեությանը․ - «43-ամյա Նիկոլ Փաշինյանը հայտնի դարձավ, երբ դեռ 20 տարեկան երիտասարդ լրագրող էր, որը ջրի երես էր հանում երկրում տիրող անօրինականությունները: Այդ պատճառով էլ դեռ լրագրողական տարիներին ճնշումների է ենթարկվել»:

Ներկայացնելով վերջին 10 տարում Փաշինյանի մղած քաղաքական պայքարի պատմությունը՝ «Հյուրիյեթ»-ի լրագրողը փաստում է, որ այն ի վերջո հաջողությամբ պսակվեց․ - «Անցած կիրակի կայացած ընտրություններում Փաշինյանի գլխավորած դաշինքը, սատանալով 70,4 տոկոս քվե, պատմական հաղթանակ արձանագրեց: Այսպիսով Գյումրիից սկսած քայլարշավով սկիզբ առած պայքարը հասավ իր գագաթնակետին: Այս տեսանկյունից Հայաստանում տեղի ունեցավ երկիրը նախկին համակարգի դերակատարներից մաքրելու գործընթաց: Իսկ թե Փաշինյանը ինչ կարող է անել իբրև վարչապետ, մեկ այլ հոդվածի թեմա է»:

Իր հաջորդ՝ «Արդյո՞ք Փաշինյանը կարող է վերացնել տնտեսական անօրինականությունները Հայաստանում» հոդվածում Սեդաթ Էնգինը խոսում է վերջին երկու տասնամյակներում Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու դրա հետևանքների մասին՝ փաստելով, որ Փաշինյանի կառավարությանը ծանր աշխատանք է սպասվում:

«Արդյո՞ք Փաշինյանին կհաջողվի կատարել իր խոստումն ու արմատախիլ անելով անօրինականությունները, հեղափոխությունը տանել նաև տնտեսական ու սոցիալական ոլորտներ», - գրում է թուրք լրագրողը՝ համոզմունք հայտնելով, որ արժե ուշադրությամբ հետևել Թուրքիայի հարևան երկրում տեղի ունեցող հասարակական, քաղաքական զարգացումներին:

Թուրքական «T24» կայքի սյունակագիր Շիրին Փայզըն «Նոր էջ Հայաստանում. ոչ թե ռևոլուցիա, այլ էվոլուցիա» վերնագրված հոդվածում գլխավորապես անդրադարձել է խորհրդարանական ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանի և նրա դաշինքի արտաքինքաղաքական առաջնահերթություններին: Այս օրակարգի շուրջ լրագրողը զրուցել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանի հետ՝ հարցեր ուղղելով մասնավորապես նոր իշխանությունների օրորք Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

Մնացականյանը նշել է, որ ղարաբաղյան խնդիրը հայ հասարակության համար շատ զգայուն հարց է, ուստի այս համատեքստում Փաշինյանի մոտեցումներում կտրուկ շրջադարձ չի կարելի սպասել:

«Այնուհանդերձ, խաղաղ հանգուցալուծման հասնելու համար բանակցությունները շարունակելու ցանկություն և վճռականություն կա», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Գալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ Մնացականյանը կրկնել է այս հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ սկսել առանց նախապայմանների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG