Դատական դեպարտամենտից հաստատում են՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նրա կալանքի հարցը քննվել է երեկ երեկոյան՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
Թե ինչ մեղադրանք է առաջադրվել զինծառայողին, դեռ տեղեկատվություն չի տրամադրվում։
Զինծառայողը ձերբակալվել է դեկտեմբերի 10-ին՝ Գյումրիում: Նա կասկածվում է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։
Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 2-ին՝ Գյումրիում՝ դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր ռուսական ռազմաբազայի զինծառայողի առնչությունը դեպքին։