Արդեն իսկ որպես միության նախագահի թեկնածու առաջադրվել են 3 գեղանկարիչ՝ միության ներկայիս ղեկավար Կարեն Աղամյանը (նա միությունը ղեկավարում է մոտ 20 տարի), Խաչիկ Աբրահամյանը և երիտասարդ գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը:
Նկարիչների միության նախագահի թեկնածու Խաչիկ Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ տասնյակ տարիներ աշխարհի տարբեր երկրներում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել և ներկայացրել հայ ժամանակակից կերպարվեստը և, ի պատասխան իր արվեստակից ընկերների հորդորների, պատրաստ է ամբողջովին վերափոխել միության աշխատանքները․ - «Գաղափարը ի՞նչն է այսօրվա: Որպեսզի կարողանանք Նկարիչների միությունում փոփոխություններ մտցնել, փոփոխությունները կգան նրանից, որ մենք կունենանք նոր դաշտ, որպեսզի մենք կարողանանք մեր արվեստը ներկայացնենք համայնք մարդկությանը: Դրա հետ կապված մենք ունենք բավականին մեծ բազա՝ շուրջ աշխարհի հիսուն երկրներում մենք ունենք մեր ներկայացուցիչները, որ օգտակար կլինեն վաղվա օրվա համար: Բավականին մեծ ծրագրեր ունենք, համագումարին կներկայացնեմ ծրագիրը և քայլերը, թե ինչպես պետք է աշխատենք, որպեսզի Նկարիչների միությունը դառնա կազմակերպված, հետաքրքիր և՛ երիտասարդների, և՛ միջին սերնդի, և՛ մեծահասակների համար»:
Միության անդամների մի մասը ցանկանում է փոխել միության ղեկավար կազմը՝ նոր շունչ հաղորդելու միության գործունեությանը: Նրանք մեր զրույցի ընթացքում շեշտում էին, որ ժամանակն է, որ միությունը նոր ղեկավարություն ունենա:
Քանդակագործ Ռոբերտ Բալայանի խոսքով, առհասարակ ճիշտ չէ 20 տարի շարունակ միության ղեկավարումը միևնույն մարդու կողմից՝ անգամ առանց անձնավորման:
Ինչ վերաբերում է Կարեն Աղամյանի ղեկավարման տարիներին, ապա Բալայանը բացասական է վերաբերվում․ - «Որովհետև իր ղեկավարած տարիներին միությունը ընդհանրապես չի գործել, իսկ եթե ինչ-որ մի բան արել են, թերի է, ամեն ինչ թերի է»:
Հարցին, թե հատկապես ինչն են ուզում փոխել, Բալայանը պատասխանեց․ - «Ամեն ինչ՝ ցուցահանդեսները, հանձնաժողովները․․․ Էնքան պրոբլեմներ կան, որոնք չլուծված պրոբլեմներ են»:
Դիտարկմանը, թե Կարեն Աղամյանը պնդում է, որ իրեն հաջողվել է պահպանել միության տարածքը, դատական նիստեր հաղթել, վերադարձնել այն, ինչ կորսվել էր մինչև իր նախագահ դառնալ, Խաչիկ Աբրահամյանն արձագանքեց․ - «Այդ դաշտը օրինապահների խնդիրն ա․․․ Հիմա իրավիճակ ա փոխվել, մարդկանց մոտ վստահություն կա, արդարացի բաներ են կատարվում, շատ-շատերը շատ լուրջ հույսեր են կապում, որ դա կմտնի և Նկարիչների միություն, կմտնի ամեն կառույց, որտեղ պետք է լինեն արդար ընտրություններ, վախի մթնոլորտ չլինի»:
«Ազատությունը» զրուցել է նաև Հայաստանի նկարիչների միության երկարամյա նախագահ Կարեն Աղամյանի հետ:
Հարցին, թե ինչու է կրկին որոշել առաջադրել իր թեկնածությունը, Աղամյանը պատասխանեց․ - «Ես միշտ կողմնակից եմ նոր ուժերի, նոր մտքերի, նոր իդեաների կարևորությունը շատ եմ գնահատում: Շատ ուրախ կլինեմ, եթե հայտնվի որևիցե մեկը, որի ծրագիրը շատ ավելի հետաքրքիր լինի, քան իմ առաջարկածը, և ես նույնպես իրեն ձայն կտամ: 1932 թվականից, ինչ ստեղծվել է Նկարիչների միությունը, ինքը ընտրում է իր նախագահին՝ իր կազմի մեծամասնությամբ: Ես արդեն չորրորդ անգամ է, համագումարին ընտրվում եմ ձայների 80 տոկոս առավելությամբ, շատ շոյված եմ և դրա մեջ ես սխալ չեմ տեսնում»:
Հարցին, թե անձամբ ինքը ուզում է շարունակել ղեկավարել Նկարիչների միությունը, Աղամյանն արձագանքեց․ - «Եթե անկեղծ լինեմ, այս տարի որոշել է, որ ոչ: Սակայն ես մտածում էի, որ երիտասարդներից մեկը, որը կարծես թե էս հինգ տարին միշտ աչքիս առաջ էր, և պատրաստել եմ, մտածում էի, որ գուցե ինքը կամ իր շրջապատից որևիցե մեկը գա փոխարինելու: Բայց հայտնվեց մի պահ, երբ որ երկիրը թարմություն էր ուզում՝ շատ իրավացի պահանջներով, այդ երիտասարդը և մի քանիսը եկան, ինձ ասացին՝ մենք պահանջում ենք Ձեր հրաժարականը: Նման վերաբերմունք ես չէի սպասում: Գուցե դա է պատճառը, որ ես դեռ չեմ տեսնում, թե ով կարող ա ինձ փոխարինի: Չնայած համագումարի ժամանակ կարող են լինել շատ հետաքրքիր առաջարկներ»:
«Ամեն անգամ, վատաբանելով ինձ և միությանը՝ մի քանի հոգի անընդհատ խոսում են այն մասին, որ իբր ես այս կամ այն ունեցվածքն եմ վերացրել, վաճառել․․․ սուտ, կեղծիք: Բայց այս տարի մի շատ տգեղ բան արեցին․ քրեական գործ հարուցեցին իմ վրա, և մոտ չորս ամիս ես քննիչների մոտ ապացուցում էի, որ ես անմեղ եմ: Եվ այդ բոլոր փաստարկները, լավ ա, գտնվեցին: Ես համագուրամին էդ բոլոր փաստարկները ցույց եմ տալու․․․ Համագուրամում սպասվում են բացահայտումներ և ճշմարտության հաղթանակ»: