Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերին կհատկացվի հավելյալ 2,5 միլիարդ դոլար


«Առաջիկա հինգ տարիներին Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար», - խորհրդարանական ընտրություններից հետո կայացած կառավարության առաջին նիստում ըստ էության ծրագրային ելույթ ունենալով՝ այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը առանձնացրեց այն ռազմավարական նպատակները, որոնց առաջիկայում մտադիր է հասնել իր ղեկավարարած կառավարությունը՝ ներդրումների խրախուսում, ռազմաարդյունաբերական համալիրի էական զարգացում, ինչը կդարձնի Հայաստանը տեխնոլոգիական երկիր, Զինված ուժերի մարտունակության բարձրացում, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի հասցնելը, լրջագույն բարեփոխումներ առողջապահության ոլորտում, պետական համակարգի արդյունավետության բարձրացում, և որպես այս ամենի արդյունք՝ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության շոշափելի փոփոխություն:

«Տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է, և պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, և այդ հետաքրքրությունն առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, և իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա որևէ պաշտոնյայի մասին, որ որևէ ներդրումային նախագծի առջև խոչընդոտներ են հարուցվում և այլն», - նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը հիշեցրեց, նախընտրական կարևոր խոստումներից է բյուրոկրատական քաշքշուկների ինստիտուտի վերացումը և ընթացակարգերը հնարավորինս պարզեցումը․ - «Առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է, և պետք է շատ արագ դրա համար բարենպաստ միջավայր և պայմաններ ստեղծել: Երկրորդ կարևորագույն անելիքը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է: Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել ռազմարդյունաբերական համալիրում, և այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի, ինչպես նաև Հայաստանում ինժեներական և տեխնիկական գիտական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը, իհարկե, առաջիկա ամենակարևոր անելիքներից է»:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կտրուկ ավելացրել է գալիք տարվա ռազմական բյուջեն՝ 2019 թվականի համար այն հասցնելով գրեթե 530 միլիոն դոլարի: 2018-ի պետբյուջեով ՊՆ-ին հատկացված էր 468 միլիոն դոլար:

«Առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է ի վիճակի լինենք զինված ուժերի զարգացման նպատակի համար ներդնել շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով կրթության, առողջապահության ոլորտներին՝ նա հայտարարեց, որ կան լրջագույն անելիքներ․ - «Խոսքը բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելն է, այն կոնկրետացնելը և նրա կապը իրականության և տնտեսության կարիքների հետ ուժեղացնելն է: Հաջորդ խնդիրը․ առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացվեն, որոնց նպատակը պետք է լինի առողջապահության հասանելիությունը մեր հանրության հնարավորինս լայն շերտերին: Եվ այս համատեքստում շատ կարևոր եմ համարում պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը, որի մասին նույնպես նախընտրական շրջանում և ընդհանրապես բազմիցս քննարկել ենք: Որպես այս ամենի հանգուցալուծում կամ գագաթնակետ՝ պետք է ընկալենք քաղաքացիների սոցիալական վիճակի և բարեկեցության մակարդակի էական փոփոխությունների արձանագրումը: Մեր խնդիրն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելը և աղքատությունն էականորեն նվազեցնելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG