Մատչելիության հղումներ

Պահպանողականների մեծամասնությունը վերահաստատեց աջակցությունը վարչապետ Մեյին


Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջատար անդամները դեմ են վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնանկությանը: Դա պարզ դարձավ երեկ ուշ երեկոյան, երբ կուսակցության գործադիր մարմնի` այսպես կոչված «1922 Կոմիտեի» ղեկավար Գրեմ Բրեդին հրապարակեց պահպանողականների խորհրդարանական խմբակցությունում Մեյին անվստահություն հայտնելու հարցով քվեարկության արդյունքները:

«Այս երեկո կայացած քվեարկության արդյունքները վկայում են, որ Պահպանողական կուսակցությունը Թերեզա Մեյին իր վստահությունն է հայտնում որպես կուսակցության ղեկավարի: Թերեզա Մեյին վստահություն հայտնելու օգտին տրվել է 200, դեմ` 117 քվե: Պահպանողական կուսակցության ներքին սահմանադրության համաձայն, առաջիկա 12 ամիսներին կուսակցության առաջնորդին անվստահություն հայտնելու հարցը այլևս քվեարկության դրվել չի կարող», - հայտարարել է պահպանողականների գործադիր մարմնի ղեկավարը:

Բրիտանական աղբյուրների փոխանցմամբ, քվեարկությանը նախորդած քննարկման ընթացքում Թերեզա Մեյը հայտարարել է, որ 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում չի առաջադրվի վարչապետի պաշտոնում: Դրա հետ մեկտեղ, դիմելով կուսակիցներին, Մեյը նշել է, որ այս փուլում կուսակցության առաջնորդի և վարչապետի փոփոխությունը կարող է վտանգել Մեծ Բրիտանիայի ԵՄ-ն լքելու՝ Բրեքզիթի գործընթացը: Բացի այդ, ըստ Մեյի, վարչապետի փոփոխությունը կարող է հավելյալ առավելություն տալ ընդդիմադիր լեյբորիստներին` թուլացնելով պահպանողականների դիրքերը քաղաքական դաշտում:

«Ուրախ եմ այն աջակցության համար, որին արժանացա իմ կուսակիցների կողմից այս երեկո: Դրա հետ մեկտեղ, մեր գործընկերների մի զգալի մասն ինձ անվստահություն հայտնեց: Կարող եմ վստահեցնել, որ ես լսեցի նրանց փաստարկները», - հայտարարել է Մեյը:

Ներկուսակցական ընդդիմությունը Մեյին անվստահության հայտնելու գործընթացը նախաձեռնեց՝ նախևառաջ դժգոհելով Բրեքզիթի շուրջ համաձայնագրի մի շարք դրույթներից, ինչպես նաև Համայնքների պալատում դրա վավերացման հետ կապված անորոշությունից դրդված: Նախապես ակնկալվում էր, որ Եվրամիության հետ համաձայնագիրը քվեարկության կդրվի այս շաբաթ: Վերջին պահին, սակայն, Թերեզա Մեյը հետաձգեց քվեարկությունը` լուրջ մտավախություն ունենալով, որ փաստաթուղթը կարող է բավարար թվով քվեներ չստանալ: Մեյի պաշտոնավարմանն ընդդիմացող պահպանողականների փաստացի առաջնորդը` Արևմտյան Անգլիայից ընտրված Ջեյքոբ Ռիս-Մոգը նշել է, որ անգամ երեկ կայացած ներկուսակցական քվեարկությունից հետո վարչապետի հրաժարականը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում:

«Վարչապետը պետք է հստակ ըմբռնի, որ սահմանադրական բոլոր նորմերի համաձայն շուտափույթ կերպով պետք է այցելի թագուհուն և նրան հայտնի իր հրաժարականի մասին: Բանն այն է, որ կառավարության ղեկավարը չի կարողանում իր ներկայացրած նախաձեռնությունների համար Համայնքների պալատում բավարար թվով քվեներ ապահովել: Երկուշաբթի օրը Մեյը ինքը խոսովանեց, որ [Բրեքզիթի հարցում] ծանր պարտություն է կրելու, ուստի որոշեց ընդհանրապես խուսափել քվեարկությունից: Ակնհայտ է, որ նա զուրկ է Համայքների պալատի աջակցությունից», - նշել է պահպանողական պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG