Մամուլը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում աշխատանքից ազատվել է Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, և որ նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը, իսկ Մնացականյանը կդառնա Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
Հայաստանյան մամուլը գրում է նաև, որ աշխատանքից կազատվեն նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանը։
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկությունները, հորդորեց սպասել․ - «Որպեսզի ընդհանրապես չլինեն այդպիսի շահարկումներ և այլն, պետք է հետևել պաշտոնական լրահոսին, եթե այդպիսի փոփոխություններ լինում են, անմիջապես նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տարածում է նման տեղեկություն։ Պետք է հետևել տեղեկությանը, եթե տեղեկությունը լինում է, ապա անմիջապես սփռվում է, և բոլոր լրատվամիջոցներն անմիջապես ծանոթանում են այդ տեղեկության հետ։ Եթե չկա, իզուր չշահարկենք և արհեստականորեն լարվածություն չստեղծենք»։
Լուրերը չհերքեց ու չհաստատեց նաև Ղարաբաղի Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը․ - «Ես որևէ պաշտոնական տեղեկություն չունեմ: Եթե լինի, տեղեկությունը կտարածվի»:
Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասանյանը, Արշավիր Ղարամյանը այն պաշտոնյաներն են, ովքեր բավական կոշտ էին արձագանքել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:
Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը բավական սուր էր հակադարձել՝ հրապարակավ հորդորելով Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին․ - «Սթափվե՛ք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով»:
Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղարաբաղի նախագահը Երևան է եկել և հանդիպել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Արդյոք այս հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սասուն Միքայելյանի արտահայտության շուրջ ստեղծված աղմուկը, Ղարաբաղի պաշտոնյաների արձագանքը կամ Ղարաբաղում կադրային փոփոխությունները: Այս հարցին հստակ պատասխան չտվեցին ո՛չ վարչապետի մամուլի խոսնակը, ո՛չ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
«Որոշ անհատներ, որոշ ուժեր փորձում են Նիկոլ Փաշինյան - Բակո Սահակյան հանդիպումը․․ դուելի բան ներկայացնել, մենամարտ: Սա մենամարտ չէ․․․ Քննարկվել են շատ կարևոր հարցեր, հարցեր, որոնք վերաբերում են արտաքին և ներքին քաղաքականությանը, բանակաշինությանը, անվտանգության խնդիրներին, սոցիալ-տնտեսական հարցերին: Եվ այս ամենի ներքո փորձում են ցույց տալ, թե սա մենամարտ է, մրցում է, կռիվ են անում, վիճում են․․․ Մեզ համար մեր եռամիասնությունը, առավել ևս ներկա պայմաններում, երբ բացեիբաց շրջապատված ենք այնպիսի գիշատիչներով, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան, ո՞նց կարող ենք մենք միասնականությունը թուլացնել: Չի լինելու էդպիսի բան: Ոչ մեկին չի հաջողվելու Արցախի և Մայր Հայաստանի միջև սև կատու որպեսզի անցնի: Չի լինելու էդպիսի բան»: