Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում՝ բանակցությունների ժամանակ, քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այսօր առկա է հայ-ադրբեջանական երկխոսություն Ղարաբաղի շուրջ։
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ իրենց ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար։
Այսօր լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Զախարովան չի պատասխանել, նկատել է, միայն, որ դա քայլերի մի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, և դրանով պետք է զբաղվեն կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ։
Լավրովը Բաքու է մեկնում՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին, որտեղ առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Լավրովն ու Ալիևը քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ: